ՇՄՆ տեղակալը Հնդկաստանում կարևորել է մեծ կատուների դերն ու նշանակությունը՝ առողջ էկոհամակարգեր ունենալու գործում

https://eco.am/%d5%b7%d5%b4%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%a8-%d5%b0%d5%b6%d5%a4%d5%af%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d6%87%d5%b8%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7/

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ապրիլի 9-ից 10-ը Հնդկաստանի Միսուրու քաղաքում մասնակցել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ կայացած «Վագրի նախագիծը» (Project Tiger) 50-ամյակին և «Մեծ կատուների միջազգային համագործակցություն» (կատվազգի` վագր, ընձառյուծ, լուսան, առյուծ և այլն) ալիանսի մեկնարկին նվիրված միջոցառումներին։

Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Վագրի նախագիծը» մեկնարկել է դեռևս 1973 թվականին և վագրերի պահպանությանն ուղղված ամենամասշտաբային նախաձեռնություններից է, որը հետևողական գործողությունների ու ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կարողացել է օգնել աշխարհում վագրերի թվաքանակի պահպանմանը և վերականգնմանը։

Աշխարհի տարբեր երկրներից Հնդաստան ժամանած բնապահպանության ոլորտի ներկայացուցիչ պաշտոնատար անձինք, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները երկօրյա համաժողովի ընթացքում քննարկել են աշխարհում մեծ կատուների նվազող պոպուլյացիայի պահպանությանն ուղղված ջանքերի միավորման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորութունները։

Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել ելույթով և խոսել մեր երկրի հարուստ կենսաբազմազանության և 2002 թվականին Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Բնության համշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստանը) հետ համատեղ իրականացվող «Հայաստանում ընձառյուծի պահպանություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ավելացնել ընձառյուծի պոպուլյացիայի թիվը Հայաստանում՝ պաշտպանելով նրա ապրելավայրերը,  ուժեղացնել բնության հատուկ պահպանվող տարածքների պաշտպանությունը, որոնք հանդիսանում են ընձառյուծի բնակության բնական միջավայրեր, ինչպիսիք են «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Արևիք» ազգային պարկը: Բացի այդ, ծրագիրը նպատակ ունի նվազեցնել ապօրինի գործողությունները պահպանվող տարածքներից դուրս, ստեղծել փոխհատուցման մեխանիզմներ՝ մեղմելու մարդկանց և ընձառյուծի միջև հակամարտությունը։

Արամ Մեյմարյանը ներկայացրել է ծրագրի հաջողություններն ու ձեռքբերումները, կարևորել մեծ կատուների դերն ու նշանակությունը առողջ էկոհամակարգեր ունենալու գործում։ Եզրափակելով իր ելույթը՝ նա ևս մեկ անգամ կարևորել է կենսաբազմազանության պահպանման նպատակով ջանքերի միավորման անհրաժեշտությունը։

«Հայաստանում ընձառյուծի պահպանման ծրագիրը հիանալի օրինակ է այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են աշխատել մեր մոլորակի կենսաբազմազանությունը պաշտպանելու և վերականգնելու համար: Պաշտպանելով առանցքային տեսակներին, ինչպիսիք են ընձառյուծը և այլ մեծ կատուները` մենք ապահովում ենք էկոհամակարգի առողջությունն ու հավասարակշռությունը, ինչը կարևոր է այլ տեսակների գոյատևման համար»,-նշել է Արամ Մեյմարյանը։

Համաժողովի շրջանակներում դաշտային այցելությունների ընթացքում հնարավորություն է ընձեռնվել մասնակից երկրների պատվիրակություններին ծանոթանալու Հանդկաստանի հարուստ կենսաբազմազանությանը, ինչպես նաև պահպանությունն իրականացնող կառույցների կառավարման համակարգին և գործունեությանը։

Համաժողովի ընթացքում գործարկվել  է «Մեծ կատուների միջազգային դաշինքը» (IBCA), որը կենտրոնանալու է աշխարհի յոթ խոշոր կատուների պաշտպանության և պահպանման վրա։ Դաշինքնին անդամակցությունը բաց է լինելու այն երկրների համար, որոնք հանդիսանում են այս տեսակների բնական ապրելամիջավայր և այլ շահագրգիռ երկրների, միջազգային կազմակերպությունները, բնապահպանական գործընկերների, գիտական կազմակերպությունների և բիզնեսների համար, որոնք պատրաստ են նպաստել IBCA-ի նպատակներին և գործունեությանը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով