«Նա»․ Էդիտ Պիաֆի կենսագրական պիեսի առաջնախաղը կայացավ «Արմմոնո» փառատոնի շրջանակում

https://eco.am/%d5%b6%d5%a1%e2%80%a4-%d5%a7%d5%a4%d5%ab%d5%bf-%d5%ba%d5%ab%d5%a1%d6%86%d5%ab-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a3%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%ab%d5%a5%d5%bd%d5%ab-%d5%a1%d5%bc/

Ծանոթ և անծանոթ իրավիճակներ: Լուծելի և անլուծելի մշտական խնդիրներ: Անսպասելի մեկնաբանություն սիրո, դավաճանության, կրքի, խանդի, ատելության, սպասումների լաբիրինտում:  Հայտնի, հանճարեղ և միշտ արդիական Ժան Կոկտոյի «Նա» համանուն պիեսի մոնոբեմադրության առաջնախաղը կայացավ «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում՝ Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում։

Երիտասարդ բեմադրիչ Վարդգես Բարսեղյանի ռեժիսուրայով «Նա» մոնոներկայացումն անսովոր էր մի քանի հանգամանքներում, նախ՝ հանդիսատեսը ներկայացումը դիտեց ոչ թե դահլիճում նստած, այլ՝ հենց բեմահարթակին, հերոսուհու հետ գրեթե նույն հարթության վրա, և հետո՝ հերոսուհուն մարմնավորած ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանն իր բեմական գործունեության ընթացքում առաջին անգամ էր հանդես գալիս մոնո ժանրում։

«Երբեւէ չէի մտածում, որ մոնո կխաղամ։ Շատ դժվար և անսահման հետաքրքիր ժանր է մոնոն, որովհետև այս դեպքում դու ես, քո չոր գանգը ու քո հուզումները, որտեղ պարտադիր է ինքնատիրապետումը չկորցնելը եւ ապացուցելը: Կա շատ մեծ պատասխանատվություն: Մինչդեռ երբ խաղընկեր ունես, դիմացինից էներգիա ես ստանում, կարող ես մի փոքր ուշ կամ շուտ մտնել այդ իրավիճակի մեջ, բայց դրությունը կարողանում ես կառավարել»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց լքված կնոջը մարմնավորած դերասանուհին ու ընդգծեց․ «Ընդհանրապես՝ անտեսված և չհասկացված մարդը վտանգավոր է, պարտադիր չէ, որ կին լինի: Միշտ պետք է հավատաս, որ սերը հաղթելու է: Իհարկե, մի կետ է գալիս, որ պետք է էլի համոզվես, որ սերն անպայման հաղթում է, բայց միայն ունայնությունն անցնելուց հետո ես հասկանում»։

Ի դեպ, երիտասարդ բեմադրիչ Վարդգես Բարսեղյանն այս պիեսի վրա աշխատանքը սկսել է մեկ ուրիշ դերասանուհու հետ, սակայն ընթացքում, ժամանակի մեջ չտեղավորվելով, դադարեցրել են փորձերը։ Որից հետո, բեմադրիչը դիմել է Ն․ Ալեքսանյանին։ Վերջինս էլ ծանոթ լինելով պիեսին հանաձայնել է․ «Ծանոթ լինելով պիեսին, երբևէ չէի մտածում, որ մոնո կխաղամ: Առաջին անգամ, երբ վերընթերցեցի պիեսը, չհուզեց, երկրորդ անգամ՝ հանկարծ հասկացա, որ սա ուրիշ պատմություն է: Իսկապես սրտիս զարկերը զգում էի, լույսը բացվեց և ասացի, թե ինչ տեսակ եմ պատկերացնում այն: Ըստ պիեսի, այն զարգացումները չկան, ինչը տեսաք բեմում: Վարդգեսի հետ միասին պիեսի ամեն տողը վերջից բերել ենք սկիզբ, սկզբից տարել ենք մեջտեղ և բաժանարար գծեր տարել՝ երգչուհու, դատարանի, սիրող եւ հոգեվարքի մեջ գտնվող կնոջ միջև»,- անկեղծացավ դերասանուհին:

Պարզվում է, պիեսը ոչ թե սովորական մի կնոջ մասին է, այլ ֆրանսիացի երգչուհի, դերասանուհի Էդիտ Պիաֆի․ «Այս պիեսը Կոկտոն գրել է կոնկրետ Էդիտ Պիաֆի մասին եւ թեպետ հեռվացանք Ֆրանսիայից եւ Պիաֆից, բայց, այնուամենայնիվ, նրա ապրած ամբողջ դառը կյանքը փորձեցինք դնել մեր ընտրած շրջանակի մեջ, որպեսզի դերակատարուհին ոչ թե խաղա Պիաֆին, այլ նրա ապրումները, նրա տեսածը, զգացածը»,– մեզ հետ զրույցում ասաց ներկայացման բեմադրիչ Վարդգես Բարսեղյանը։

Eco.am-ը հանդիսանում է Արմմոնո» 19-րդ» միջազգային թատերական փառատոնի ինֆորմացիոն աջակիցը, որը Երևանում, Գյումրիում և Արտաշատում կընթանա մինչև հունիսի 15-ը։

Իսկ Փառատոնի ներկայացումների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով  http://armmono.com/guests/321–2021.html

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։