«Նավասարդ» խոհանոցային հայ-իրանական փառատոնը կնպաստի հայկական զբոսաշրջության զարգացմանը

https://eco.am/%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4-%d5%ad%d5%b8%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/

Օգոստոսի 10-11-ը «Զորաց Քարեր» պատմամշակութային արգելոցում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, տեղի կունենա  «Նավասարդ» խորագրով հայ – իրանական մշակութային, խոհանոցային փառատոնը։ Այդ ընթացքում կներկայացվի Հայկական և իրանական խոհանոցի բազմազան յուրօրինակ ուտեստներ։

«Առաջին օրվա ընթացքում փառատոնի մասնակից հայկական և իրանական թիմերը տաղավարներում կպատրաստեն և կներկայացնեն իրենց խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը՝ սկսած Ուրարտա-Աքեմենյան ժամանակաշրջանից։ Մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երգ, պար, երաժշտություն, արվեստի գործեր, արհեստագործական արտադրանք։ Մինչ փառատոնի վերոնշյալ հիմնական մասը՝ կկազմակերպվի մրցույթ մասնակից թիմերի միջև տարբեր անվանակարգերով, իսկ փառատոնի ավարտին տեղի կունենա մրցանակների շնորհման արարողություն: Սիսիան քաղաքում իրականացվող միջոցառումների ընթացքում կլինի նաև լազերային շոու և քաղաքապետարանի շենքի վրա կցուցադրվի «Հայկ» համաստեղության ծնունդը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ըստ նրա, միջազգային գործընկերների ներգրավմամբ միջոցառման գովազդ է իրականացվում Իրանում, ոչ տեղացի զբոսաշրջիկներին տեղեկացնելու և ներգրավելու նպատակով․ «Սա նաև մեծ նշանակություն է ունենալու զբոսաշրջությունը Երևանից դեպի մարզեր տանելու գործընթացի համար, ինչպես նաև այս փառատոնը հնարավորություն է տալու Սիսիան քաղաքին ներկայացնել իր զբոսաշրջային ամբողջ ներուժը»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի համոզմամբ իրանական  ներուժը օգտագործելը կնպաստի մեր փոխադարձ կապերի ամրապնդմանը, քանի որ իրանական խոհանոցի հետ շատ ընդհանրություններ ունենք․ «Միջոցառման ընթացքում տոնելու ենք «Նավասարդ»-ը, որը քրիստոնեությունն ընդունելուց  առաջ նշվել է նաև իրանցիների հետ։ Այժմ ցանկանում ենք վերականգնել այդ ավանդույթը: Միջոցառումը բաղկացած է մի քանի մասից: Մեկը կլինի հենց խոհարարական, որին կմասնակցեն երկու կողմերը, կներկայացնեն  իրենց կերակրատեսակները: Մենք մի փոքր ուղղորդել ենք, որ ծիսական կերակրատեսակ համարվող Նավասարդի հարիսան, «Կորկոտը» և համարժեք իրանական կերակուրը՝ «Հալիմը», կլոր գաթան, որը խորհրդանշում է արևը և, իհարկե, մեր բոլոր տոնական սեղաններին բնորոշ տոլման պարտադիր լինեն ներկայացված: Մնացածի ընտրության մեջ մասնակիցներն ազատ են»։

Ս․ Մամուլյանի դիտարկմամբ, ընդհանրապես մեր տոները՝ լինեն դրանք եկեղեցական, թե ժողովրդական, լուրջ զբոսաշրջային արդյունք են տալիս, քանի որ ներառում են խոհանոցային, բանահյուսական, մշակութային և սպորտային լուրջ տարեր, որոնք ներկայացնում են մեր ազգային կերպարը։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի համոզմամբ նման փառատոնները կարևոր նշանակություն ունեն երկու երկրների զբոսաշրջության զարգացման գործում․ «Իրանը մեր թիրախային շուկաներից մեկն է, և այս պահին այնտեղից բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ ունենք: Ամեն ինչ անում ենք, որ նմանատիպ փառատոների միջոցով նույնպես հետաքրքիր ծրագրեր իրականացնենք, որպեսզի մեր հարևան երկրներից մշտապես մեծ զբոսաշրջային շարժ ունենանք»:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով