Միջազգային կառույցներն արձագանքել են ՇՄ նախարարին

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%bb%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b5%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%a5%d5%ac-%d5%a5/

Միջազգային կառույցներն արձագանքել են ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով ստեղծված բնապահպանական աղետների մասին ահազանգին: «Մեր գործընկերներից շատերն արդեն այդ գրությունների հիման վրա որոշակի հարցումներ են մեզ ուղղել ավելի հանգամանալից, փաստական դետալներ ներկայացնելու վերաբերյալ: Նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասաց ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռոմանոս Պետրոսյանը հերթական գրությամբ դիմել էր բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ ու օտարերկրյա վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված  ծանր հետևանքներին: Նախարարը ներկայացրել էր պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի ժողովրդի դեմ միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր կիրառելու մասին: Նա կոչ էր արել միջազգային հանրությանը՝ ակտիվորեն ներգրավվել և օժանդակել Հայաստանում շրջակա միջավայրի վնասի մանրակրկիտ գնահատմանը և մեղմել սահմանային տարածքում ստեղծված կրիտիկական իրավիճակը։

Պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում ավելի քան 2000 հա անտառածածկ և բուսածածկ տարածքներ են վնասվել: Շրջակա միջավայրի նախարարության համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսության» տարածքում, հրդեհվել է շուրջ 170 հեկտար անտառածածկ տարածք, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գորիսի անտառտնտեսության» տարածքում՝ 20-25 հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք ։

ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Շիկահող» պետական արգելոցում հրդեհվել են միանգամից 3 տարածքներ՝ 5 հա, 20 հա և 40 հա մակերեսներով։

Հիշեցնենք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի գրությունն ուղարկվել է.

– Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շ. Շարփին
– Ռամսարի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկին Մ. Ուրեգոյին
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է. Մրեմային
– «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիայի «Աֆրո-Եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» (AEWA) համաձայնագրի գործադիր քարտուղար պարոն Ժ.  Տրուվիեյին
– Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանման մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Է.   Ֆրենկելին
– Բեռնի կոնվենցիայի գլխավոր քարտուղար տիկն Ու. Ստիքերին
– ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրերի գործադիր տնօրեն տիկին Ի.  Անդերսենին
– Բնության պահպանության միջազգային միության գլխավոր տնօրեն պարոն Բ.  Օբերլին
– Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, «Եվրոպական կանաչ գործարք»-ի համար պատասխանատու հանձնակատար Ֆրանս Թիմմերմանսին
– Շրջակա միջավայրի, օվկիանոսների և ձկնորսության հարցերով հանձնակատար Վիրգինիուս Սինկիավիչիուսին:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով