Մինչև 2030թ-ը Հայաստանը ծրագրում է արևային էներգետիկայի մասնաբաժինը էներգետիկ համակարգում հասցնել 15%-ի

https://eco.am/%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-2030%d5%a9-%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ae%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b5%d5%ab/

Առաջիկա տարիներին Հայաստանը նախատեսում է զարկ տալ վերականգնվող էներգետիկայի՝ հատկապես արևային էներգետիկայի զարգացմանը: Հունվարի 14-ին գործադիրը հավանություն տվեց «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը)» և այս ծրագրի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին: Ըստ ծրագրի՝ մինչև 2030թ. արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը էներգետիկ համակարգում նախատեսվում է հասցնել 15%-ի՝ 1.8 մլրդ կՎտժ: Այդ նպատակով կկառուցվեն 1000 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էլեկտրակայաններ, ներառյալ ինքնավար կայաններ:

Մինչև 2022թ-ի հուլիսը կավարտվի 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի տարածքում: «Մասրիկ-1»-ը տարեկան կարտադրի 0.11 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրում ներդրման չափը հաշվարկված է 60 միլիոն դոլար:  Ֆինանսավորումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի վարկային միջոցներով: Կայանի տարածքը կազմելու է 128.3 հա:

2023թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը: Կայանը տարեկան կարտադրի 0.32 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Ծրագրի ներդրման չափը հաշվարկված է 170 միլիոն դոլար:

2024թ. դեկտեմբերին կավարտվի 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Այգ-2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցումը: Այն տարեկան կարտադրի 0.32 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրի համար հաշվարկված է 150 միլիոն դոլարի մասնավոր  ներդրում:

Այս կայանների կառուցումը նախատեսված է «Մասդար Արմենիա  Ծրագիր» ներդրումային ծրագրի շրջանակներում: Այն նախաձեռնել են Արաբական էմիրություններում հիմնադրված Աբու Դաբի ապագա էներգետիկայի ընկերություն ՀԲԸ-ն (Masdar) և 2019թ-ին ՀՀ կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ANIF): Կայանները կառուցվելու են Արագածոտնի և Կոտայքի մարզերում ընդհանուր 1040 հա հողատարածքի վրա: Առաջին կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Թալին, Դաշտադեմ, Կաթնաղբյուր և Եղնիկ համայնքներից: Երկրորդ կայանի համար նախատեսվում է շուրջ 520 հա հողատարածք վերցնել Եղվարդ, Նոր Եդեսիա համայնքներից: ՀՀ կառավարությունը դիտարկում է հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով և համապատասխան հանձնարարական է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

2024թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել 120 ՄՎտ հզորությամբ արևային 5 ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրեր: Արդյունքում տարեկան կարտադրվի շուրջ  0.192 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս ծրագրերի համար նախատեսվում է մրցութային կարգով մասնավոր ներդրումներ ներգրավել նվազագույն գնի առաջարկի հիման վրա:

2029թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել 315 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ արևային փոքր (մինչև 5 ՄՎտ հզորությամբ) կայանների կառուցումը, որից 15 ՄՎտ հզորությունը նախատեսվում է համայնքային արևային կայանների կառուցման նպատակով։ Հաշվարկված է, որ այս կայանները տարեկան կարտադրեն 0.326 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս նպատակի համար ակնկալվում է 340 միլիոն դոլար մասնավոր ներդրում:

2023թ. դեկտեմբերին նախատեսվում է ավարտել ինքնավար արևային կայանների կառուցումը՝ ընդհանուր դրվածքային հզորությունը 40 ՄՎտ-ից հասցնելով 100 ՄՎտ: Այս կայանները տարեկան կարտադրեն  մոտ 0.16 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Այս նպատակի համար նախատեսվում է մասնավորի կողմից ներդնել 80 միլիոն դոլար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել