Մթերքները ճիշտ պահպանեք սառնարանում

https://eco.am/%d5%b4%d5%a9%d5%a5%d6%80%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b3%d5%ab%d5%b7%d5%bf-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d6%84-%d5%bd%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/

Հաճախ խանութներում գնումներ կատարելիս մանրակրկիտ զննում ենք սննդի թարմությունն ու ճիշտ ժամկետների առկայությունը, բայց անտեսում ենք տան սառնարանում մթերքների ճիշտ պահպանությունը։

Eco.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է մթերքները սառնարանում ճիշտ պահպանելու մի քանի կանոններ։

Նախ, սառնարանից օգտվելուց առաջ անհրաժեշտ է կարգավորել ջերմաստիճանը։ Նոր սառնարանը պետք է լավ լվանալ, չորացնել և օդափոխել։

Բոլոր մթերքները սառնարանում պետք է պահել մաքուր, չոր, անջրանցիկ թղթով փաթաթված։ Խորհուրդ է տրվում օգտագործել սննդի համար նախատեսված փայլաթիթեղ, պոլիէթիլենային տոպրակներ։

Շատերը կարծում են, որ սառնարանի առկայության դեպքում կարելի է սննդամթերքն այնտեղ պահել ամբողջ շաբաթվա ընթացքում, կամ՝ ճաշ եփել մի քանի օրվա համար։ Բայց կարևոր է իմանալ, որ աղացած միսը և ձուկը սառնարանում կարելի է պահել 6 ժամից ոչ ավելի, տապակած կոտլետները՝ 24, իսկ մսով կիսաֆաբրիկատ կերակուրը՝ մինչև 36 ժամ։ Ջրով եփած շիլան կարելի է պահել 3 օր, իսկ կաթով շիլան՝ 24 ժամից ոչ ավելի։ Բացած պահածոները անպայման պետք է դատարկել ապակե կամ հաղճապակե ամանի մեջ, փակել և պահել 6 ժամից ոչ ավելի։

Սառեցրած ձուկը խորհուրդ է տրվում սառնարանում պահել 8 օրից ոչ ավելի փայլաթիթեղով փաթաթված, իսկ թարմ ձուկը՝ 3 օր։ Տապակած ձուկը կարելի է պահել 36 ժամ։

Յուրաքանչյուր մթերք սառանարանում ունի իր տեղը

Ճաշերը սառնարանում պետք է տեղավորել միջին դարակում՝ փակ վիճակում։

Կամպոտները, հյութերը, ըմպելիքները պետք է դնել ներքևի դարակում, որպեսզի չսառչեն, իսկ կաթնեղենը՝ կաթը, թթվասերը, կաթնաշոռը վերևի դարակներում։

Քանի որ կարագը շատ շուտ է կլանում տարբեր հոտեր, այն պետք է պահել փակ ամանի մեջ՝ վերևի դարակներում։

Պանիրը նույնպես պետք է պահել փակ ամանի կամ պոլիէթիլենային տոպրակների մեջ։

Հատապտուղները սառնարանում պետք է պահել ամանի մեջ, մեջտեղի դրակում։

Մրգերի և բանջարեղենի համար նախատեսված է սառնարանի ներքևի դարակը։ Դարակի վրայի ապակին չպետք է հանել, քանի որ այն պահպանում է անհրաժեշտ խոնավությունը և նպաստում, որպեսզի մրգերը և բանջարեղենները թարմ մնան։

Ինչպես մթերքները պահպանել սառնարանում

Խորհուրդ է տրվում լոլիկն ու վարունգը սառնարանի մեջ դնել փաթեթավորած վիճակում, որովհետև դրանք շատ զգայուն են ցրտի նկատմամբ։

Կանաչին և ծաղկակաղամբը նույնպես խորհուրդ է տրվում փաթաթել թղթով կամ փայլաթիթեղով, որպեսզի չչորանան։ Կանաչին սառնարանում ավելի երկար, թարմ կմնա, եթե այն չլվացած վիճակում նախ փաթաթեք թղթով, ապա պոլիէթիլենով։ Հարկավոր է թուղթը 1-3 օր հետո փոխել։

Նախքան սառնարան դնելը մրգերը պետք է լավ լվանալ և սրբիչով չորացնել։

Ոչ մի մթերք չպետք է սառնարան դնել պոլիէթիլենի մեջ՝ ամուր փաթաթված, քանի որ առանց թարմ, սառը օդի հոսանքի դրանք շուտ են փչանում։

Թարմ կաթը, հյութերը և այլ ըմբելիքներ լավ է սառնարանում պահել ամուր փակված ամաններում։

Հեղուկները՝ կաթը, սերուցքը, արգանակը, սառնարանի մեջ դնելիս ավելի լավ է լցնել շշերի կամ ապակե տարաների մեջ։ Երբեք չթողնել բաց ամաններում։

Որպեսզի եփաշ միսը, կանաչեղենը չչորանա, սառնարանի մեջ դնելիս հարկավոր է պերգամենտով այնպես ծածկել, որ դրանց շուրջը չխախտվի օդի շրջանառությունը։

Միսը սառնարանում պահելիս հիշեք․ որքան ավելի խոշոր են մսակտորները, այնքան ավելի երկար կպահպանվեն։ Հետևաբար խորհուրդ չի տրվում աղացած կամ մանր կտորներով միսը պահել սառնարանում։ Միսը չպետք է պահել սառույցի վրա, քանի որ դրանից փոխվում է համը։

Ինչպես մաքրել սառնարանը

Սառնարանը սառույցից արագ մաքրելու համար ոչ մի դեպքում չպետք է օգտագործել դանակ կամ մետաղյա այլ առարկաներ։ Խորհուրդ է տրվում օգտագործել տաք ջրով լցված մանկական սովորական հոգնա։ Սառնարանը մաքրելու համար պետք է շորի կտորը թրջել գինու քացախի մեջ և լավ սրբել՝ չմոռանալով նախապես անջատել սառնարանը։

Սառնարանում պահող մթերքի հոտը, հեղձուկ օդը վերացնելու համար ամենալավ միջոց է համարվում քացախը։ Քացախով սրբելուց հետո սառնարանը պետք է լվանալ գոլ ջրով։

Եթե սառնարանի մեջ նեխահոտ է առաջացել, 1-1․5 կգ սև հացը կտրատեք և դրեք դարակների վրա։ Հացը փակ սառնարանում մի քանի ժամ պահելուց հետո հոտը վերանում է։

Եթե երկար ժամանակ չեք օգտվել սառնարանից, ապա նախքան օգտագործելը նրա մեջ դրեք այրված շաքար և տհաճ հոտը կվերանա։

Որպեսզի սառնարանում օդի ճիշտ շրջանառությունը չխախտվի, դրա համար այնտեղ չափից ավելի մթերքներ չի կարելի պահել։ Օդի շրջանառության խախտումը կրճատում է մթերքների պահպանման տևողությունը։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով