«Մենք ենք, մեր սարերը» կամ «Պապիկ, տատիկ» հուշարձան կոթողը տեղադրվել է 1967թ․ ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 1-ին Ստեփանակերտի մուտքի մոտ, բլրի գագաթին։ Հեղինակը քանդակագործ Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյանը։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև խորը կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու աներեր կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայերի հողի մեջ։ Ավելի քան 40 տարի առաջ այն ներկայացվել է իտալական Կարարա քաղաքում կազմակերպված համաշխարհային ցուցահանդեսում։ Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել Բագրատ Ուլուբաբյանը։ Հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը։ Այնուամենայնիվ, այն տեղադրվեց և կանգուն է մինչ այսօր:






Թողնել մեկնաբանություն