Երևանի բուսաբանական այգում մեկնարկել է Smart Botanic՝ Խելացի լուծումներ բուսաբանական այգում» հաքաթոնը, որի նպատակը Երևանի բուսաբանական այգու համար խելացի լուծումների և գաղափարների մշակումն է։ Այն կօգնի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ավելի արդյունավետ դարձնել այգին կառավարելու, խնամելու և այցելուներին սպասարկելու գործընթացները։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի բուսաբանական այգուց տեղեկացավ, որ հաքաթոնն անցկացվում է երեք փուլով։ Նոյեմբերի 18-ին տեղի կունենա երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները կլսեն դասախոսություններ, կունենան մի շարք հանդիպումներ, 24 ժամ շարունակ կաշխատեն և կմշակեն իրենց գաղափարների նախատիպերը։
Իսկ նոյեմբերի 21-ին, երրորդ՝ եզրափակիչ փուլի ընթացքում կներկայացվեն արդեն մշակված լուծումները և ակնկալվող արդյունքները։ Մասնագիտական ժյուրիի գնահատմամբ՝ լավագույն լուծումները և լավագույն գաղափարները կարժանանան դրամական մրցանակների։
Միջոցառման բացմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ողջունել է ներկաներին, կարևորելով նման միջոցառումների անցկացումը։
«Այն շատ լավ գործիք է ոլորտի խնդիրները բացահայտելու, դրանց համար լուծումներ գտնելու, ինչպես նաև Հայաստանում կորպորատիվ աքսելերատորների զարգացման համար»,- ասել է նախարարի տեղակալն ու հույս է հայտնել, որ միջոցառման արդյունքում կլինեն հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ և առաջարկել, որպեսզի հաքաթոնում ներգրավված ստարտափները մասնակցեն նախարարության կողմից իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրին։
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև IoT SIG նախագահ Վահան Հովսեփյանը, Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, «ISOC Հայաստան Հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, «SmartCity» ՀԿ նախագահ Կարեն Երզնկանյանը։ Նրանք ևս ընդգծել են միջոցառման կարևորությունը՝ ուղղված Երևանի բուսաբանական այգու արդիականացմանը։
«Smart Botanic՝ Խելացի լուծումներ բուսաբանական այգում» հաքաթոնի կազմակերպիչներն են «Smart City» նորարարական կենտրոնը, «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն, Իրերի համացանցի մասնագիտացված խումբը և Երևանի Բուսաբանական այգին։
Թողնել մեկնաբանություն