Մարտ ամսին ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985 թվականին

https://eco.am/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf-%d5%a1%d5%b4%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae%d6%80-%d5%bb%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a3%d6%80/

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը:

Eco.am սոցիալական հարթակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից» տեղեկացավ, որ փետրվարի համեմատությամբ՝

մարտ ամսին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°:

Միջին տասնօրյակային ջերմաստիճանը

առաջին տասնօրյակում կազմում է -3,2°,

երրորդ տասնօրյակում`+0,5°:

Միջին ամսական ջերմաստիճանը

Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°, Լոռիում (Տաշիրում` -3°), Սյունիքի, Արագածոտնի նախալեռներում` 0…+2°, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8°: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Շիրակում` երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է լեռնային շրջաններում` -28…-34°, նախալեռներում` -24…-30°, հովտային շրջաններում` -13…-17°, Արարատյան դաշտում` -17…-25°:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22°, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27°, Սյունիքի հովիտներում` 25…30°:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1° է, առաջին տասնօրյակում` 3,0°, երկրորդ տասնօրյակում` 5.0° և երրորդ տասնօրյակում` 7,2°: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր մասերում տարբեր է:

Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ քաղաքի ցածրադիր մասերում` -25.2°, բարձրադիր մասերում` -16.4°, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները 1970թ.` 27° և 2001թ.` 24.8° :

Տեղումներով օրերի թիվը հանրապետությունում կազմում է 9-13օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45 մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ: Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը գերազանցում է +3°…+5°:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն: Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն` 800-1000 մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Մարտի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով