1973 թվականից աշխարհում մարտի 3-ը նշվում է որպես Վայրի բնության համաշխարհային օր։ Հենց այդ թվականի մարտի 3-ին ընդունվեց անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների առք ու վաճառքը կարգավորող կոնվենցիան։
Օրվա խորհուրդն է վայրի բնության՝ կենդանական ու բուսական աշխարհի վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ապահովել հանրության շրջանում և անդրադառնալ «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի կարևոր դերակատարմանը, վայրի բնության պահպանման հարցում՝ այս և ապագա սերունդների համար:
Հայաստանը «Ոչնչացման վտանգի տակ գտնվող ֆաունայի և ֆլորայի վայրի տեսակների միջազգային առևտրի մասին» 1973 թվականին ընդունած կոնվենցիային միացել է 2009 թվականին։ Այն կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների արտահանումը, վաճառքը և փոխադրումը: Չնայած այս հանձնառությանը, Հայաստանը հայտնի է որպես վտանգված ու էկզոտիկ կենդանատեսակների տարանցիկ երկիր: Կենդանիները, որ մնում են Հայաստանում, հայտնում են մասնավոր կենդանաբանական այգիներում, դառնում են որսաթիրախ «սաֆարիներում» կամ հետաքրքրություն առաջացնող ցուցանմուշ տարբեր օբյեկտներում:
2013թ. ՄԱԿ-ի բանաձևը, որով մարտի 3-ը հռչակվեց որպես Վայրի բնության համաշխարհային օր, վերահաստատում էր վայրի բնության առանձնահատուկ կարևորությունը և անգնահատելի արժեքը կայուն զարգացման ու մարդկային բարօրության հարցում՝ առանձնացնելով վայրի բնության դերը բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, գեղագիտական և ժամանցային հարցերում:
2015թ. նոյեմբերին, երբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Միջազգային որսագողության դեմ պայքարի մասին օրենքը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասաց. «Այսօր վայրի բնության տեսակների անօրինական փոխադրումները աշխարհի ամենագայթակղիչ հանցագործություններից է, որի հետ կապված տարեկան գրեթե 10 միլիարդ դոլար է շրջանառվում»:
Վայրի բնության համաշխարհային օրը ևս մեկ անգամ ընգծում է բնության անգնահատելի դերը՝ մարդու կյանքում և կոչ է մարդկությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու վայրի կենդանական ու բուսական աշխարհի պահպանությանը։
Վայրի բնության հարցում աշխարհում կան բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ, այդ թվում՝ որսագողությունը և անօրինական փոխադրումները: Աշխարհում խոշոր անօրինական բիզնեսների շարքում վայրի բնության հետ կապված անօրինական առևտուրը զբաղեցնում է 4-րդ տեղը:





Թողնել մեկնաբանություն