ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը իր բանաձևով առաջին անգամ ճանաչեց մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքը

https://eco.am/%d5%b4%d5%a1%d5%af-%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%a8-%d5%ab/

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ընդունվել են բանաձևեր՝ մարդու առողջ և մաքուր միջավայր ունենալու իրավունքի և կլիմայի փոփոխության համատեքստում մարդու իրավունքների խթանման և պաշտպանության վերաբերյալ եռամյա հատուկ զեկուցողի նշանակման հետ կապված: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:

Բանաձևերը հաստատվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 48-րդ նստաշրջանում: Խորհուրդն առաջին անգամ ճանաչեց, որ մաքուր, առողջ և կայուն միջավայր ունենալը մարդու անքակտելի իրավունքն է, սահմանեց Հատուկ զեկուցողի մանդատը:

Երկու բանաձևերն էլ Խորհրդի կողմից ընդունվել են քվեարկությամբ: Առողջ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի վերաբերյալ բանաձևի ընդունմանն աջակցել է 43 պետություն: Չորս պետություն՝ Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը, ձեռնպահ են մնացել: Հատուկ զեկուցողի մանդատ սահմանելու վերաբերյալ բանաձևին աջակցել է 42 պետություն: Չորս պետություն՝ Հնդկաստանը, Էրիթրեան, Չինաստանը և Ճապոնիան, ձեռնպահ են մնացել, իսկ Ռուսաստանը դեմ է քվեարկել:

«Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքի ճանաչման հարցում Մարդու իրավունքների խորհրդի վճռական գործողությունն ուղղված է մարդկանց և մոլորակի պաշտպանությանը` օդի, որը մենք շնչում ենք, ջրի, որը մենք խմում ենք, սննդի, որը մենք ուտում ենք: Սա վերաբերում է նաև բնական համակարգերի պաշտպանությանը, որոնք ապահովում են բոլոր մարդկանց կյանքը և ապրուստի միջոցները, որտեղ էլ նրանք ապրեն»,- ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը:

Նա նշել է, որ խորհրդի ընդունած որոշումները «միանշանակ ճանաչում են շրջակա միջավայրի դեգրադացիան և կլիմայի փոփոխությունը որպես մարդու իրավունքների ոլորտում փոխկապակցված ճգնաժամեր»:

«Պետք է կատարել համարձակ քայլեր, որպեսզի առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքի վերաբերյալ այս բանաձևը ծառայի որպես ցատկահարթակ նորարարական տնտեսական, սոցիալական և բնապահպանական քաղաքականության խթանման համար, որն ուղղված կլինի մարդկանց և բնության պաշտպանությանը», – ասել է Գերագույն հանձնակատարը՝ նշելով, որ ներկայում կա երեք գլոբալ սպառնալիք՝ կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը և բնության ոչնչացումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսոնը մարդու մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքի ճանաչման որոշումն անվանեց «բեկումնային պահ» բնապահպանության ոլորտում: «Այս իրավունքն ամրագրված է 1972 թ-ի Ստոկհոլմի հռչակագրում: Հինգ տասնամյակ անց այս իրավունքը պաշտոնապես ճանաչվում է համաշխարհային մակարդակով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևով», – ասել է Ինգեր Անդերսոնը:

ՄԱԿ-ը հայտնում է, որ շրջակա միջավայրի աղտոտումը, որն առաջանում է անկայուն սպառման և արտադրության այն մոդելներով, ինչպես կլիմայի փոփոխությունը, վաղաժամ մահվան յուրաքանչյուր վեցերորդ դեպքի պատճառ է: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 92 տոկոսն ապրում է այնպիսի տարածքներում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշները: Աղտոտվածության հետևանքների պատճառով ամեն տարի մահանում է յոթ միլիոն մարդ: Ընդ որում, աշխարհի երկրների մեկ երրորդը չունի որևէ կանոնակարգ, որը սահմանում է օդի որակի չափանիշները: Նշվում է, որ առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքը, ներառյալ մաքուր օդի, կայուն զարգացման նպատակներին հասնելու նախապայման է:

Աղբյուրը՝ www.ecolur.org

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով