ԲԱՎԱՐԱՐ ՔՈՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՆՈՒՄ Է
Քունը կենսաբանական անհրաժեշտություն է, քնի ժամանակ օրգանիզմի բոլոր օրգանների եւ համակարգերի գործունեությունը դանդաղում է, հնարավորություն ունենալով քնի միջոցով հանգստանալ եւ «լիցքաթափվել»` հետագա արթուն մնալու պահանջներին պատասխանելու համար:
ՔՆԵՔ ԽՈՐԸ ԵՎ ԲԱՎԱՐԱՐ
Խորը եւ բավարար քունը երիտասարդացնում եւ գեղեցկացնում է կնոջը, իսկ տղամարդուն՝ ավելի թարմ տեսք է տալիս, հատկապես եթե նախօրենին ծանրաբեռնված են եղել աշխատավայրում։ Քնի բավարար քանակը բարձրացնում է տրամադրությունը, լավանում է մաշկի արյան մատակարարումը` այն դառնալով վարդագույն եւ թարմ: Աչքերը փայլում են, շարժումները հանգիստ են եւ ներդաշնակ: Ահա թե ինչու լավ քունը բոլոր կոսմետիկական նախաձեռնությունների հաջողության երաշխիքն է:

ՀԱՐԿԱՎՈՐ Է ՔՆԵԼ 6-10 ԺԱՄ
Չափահաս մարդը, կախված նյարդային համակարգի տեսակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, ընդ որում, ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը քչանում է: Եթե մարդը մշտապես չի քնում, սկսվում է քնկոտության եւ թուլության վիճակ: Միայն բավարար քունը կարող է վերականգնել հավասարակշռությունը: Հիշեք, որ ամենաառողջ քունը մինչեւ կեսգիշերն է, աշխատե՛ք քնել ժամը 22-00-22:30-ից ոչ ուշ: Եթե դա դառնա սովորություն, ապա ստեղծված պայմանական ռեֆլեքսը կնպաստի արագ քնելուն` սովորական, անփոփոխ պայմաններում:
ՔՆԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Ժամանակին ննջելու եւ լիարժեք բավարար քուն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել հետեւյալ կանոնները.
– Քնեք պատուհանը բաց կամ գոնե լավ օդափոխված սենյակում:
– Ինչպես քաղցրը, այնպես էլ երեկոյան չափից ավելի ուտելը կարող է դառնալ քնի խանգարման պատճառ: Դրա համար աշխատե՛ք երեկոյան քիչ ուտել: Կերաբաժնից հանել ճարպոտ եւ դժվարամարս ուտելիքը:
– Քնելուց առաջ հոգեկան վիճակը շատ կարեւոր է, գրգռված, զայրացած, վիրավորված, վրդովված մարդը տառապում է անքնությամբ: Այնուամենայնիվ, երբ նրան հաջողվում է քնել, ապա անհանգիստ եւ մղձավանջներով: Այդ պատճառով աշխատեք նախքան պառկելը ազատվել բոլոր հոգսերից եւ հանգստանալ: Դրա համար.
1.Լսեք հանգստացնող ցածր երաժշտություն
2.Ընդունեք տաք ցնցուղ:
3.Բաց պատուհանի մոտ մի քանի անգամ խորը շնչեք եւ արտաշնչեք:
4.Քնելուց առաջ խուսափեք կարդալ լարվածություն առաջացնող գրքեր կամ դիտել հեռուստատեսային հաղորդումներ: Եթե քնելուց առաջ կարդալու սովորություն ունեք, ընտրեք թեթեւ եւ հետաքրքիր բովանդակությամբ գիրք:






Թողնել մեկնաբանություն