Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը, 2024-ի որսաշրջանի համար, սահմանվել է 257 տոննա

https://eco.am/%d5%b1%d5%af%d5%b6%d5%b8%d6%80%d5%bd%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac%d5%a1%d5%bf%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac-%d6%84%d5%a1%d5%b6/

«2024 թվականին Սևանա լճում սիգի արդյունագործական նպատակներով որսի չափաքանակների սահմանման համար հիմք են հանդիսացել 2023 թվականի ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  Սևանա լճում իրականացված գիտական որսի ուսումնասիրություններն ու կենտրոնի հետ իրականացված քննարկումների արդյունքները»,- այսօր ՀՀ կառավարության նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը քննարկման ներկայացնելիս ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Ըստ նախարարի, ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3947 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ 513 տոննա: «Գիտական կենտրոնի կողմից 2024 թվականի համար ընդհանուր կենսապաշարից մինչև սեպտեմբերի 1-ը արդյունագործական նպատակով օգտագործման քանակություն է առաջարկվել 257 տոննա։ Որոշման ընդունելուց հետո ձկնորսները կարող են դիմել նախարարություն՝ օրինական որսի քվոտա ստանալու համար»,-Կառավարության նիստում հայտարարեց ՇՄ նախարարը։

Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված ուսումնասիրությունները։

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր)։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև այս տարվա փետրվարի 22-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով