ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոփոխելով Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքաքարի միջավայրի պայմանները, հանքաքարի կոնցենտրացիան, օքսիդացված և սուլֆիդային հանքանմուշների հարաբերակցությունը, պղնձի մանրէաբանական կորզման աստիճանը հնարավոր է հասցնել մոտ 90%-ի: Eco.am սոցիալական հարթակն այդ մասին տեղեկացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։
«Կատարված ապարագիտական հետազոտությունները թույլ են տվել բացահայտել պղնձի միներալի տարրալուծման մեխանիզմը: Հետազոտության արդյունքները կարող են կիրառվել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օքսիդային և սուլֆիդային հանքաքարի կենսատարրալուծման տեխնոլոգիայի մշակման համար»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Մետաղների կենսատարրալվացման լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Վարդանյանը:
Հետազոտական աշխատանքներում ներգրավված են եղել երիտասարդ մասնագետներ Արևիկ Վարդանյանը, Աննա Խաչատրյանը, Նելլի Աբրահամյանը և Զարուհի Մելքոնյանը: Իսկ հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի բազային ֆինանսավորմամբ:
Թողնել մեկնաբանություն