ՀՀ ԳԱԱ-ի գիտնականների նոր հետազոտության արդյունքում գերձայնային արագությամբ կտեղորոշեն մթնոլորտում հարվածող ալիքները

https://eco.am/%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%a1%d5%a1-%d5%ab-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%a6%d5%b8%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5/

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի (ՖԿՊԻ) գիտաշխատողները պարզել են, որ հակակարկտային ակուստիկ «հրանոթների» արձակած հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում ուղեկցվում է ≈1 կՀց հաճախությամբ ակուստիկ և ≈5 կՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ, և որ դրանց մակածման պատճառը հարվածող ալիքին ուղեկցող մրրկային հոսքերի առաջացումն է։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ ԳԱԱ-ից տեղեկացավ, որ ուղղորդված և ուժեղ հարվածող  ալիքի տարածումը մթնոլորտում կարող է ուղեկցվել ոչ միայն չափազանց ցածր, այլ նաև մի քանի ՄՀց հաճախություններով էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ: ՄՀց-ային ճառագայթումը պայմանավորված է ուղղորդված հարվածող ալիքի ազդեցությամբ առաջացած պլազմայի էլեկտրոնների վրա Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ։

«Կատարված հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները կարող են օգտագործվել մթնոլորտում հարվածող ալիքներ մակածող օբյեկտների՝ գերձայնային արագությամբ շարժվող մարմինների հայտնաբերման և տեղորոշման նպատակներով», – ասաց ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի գիտքարտուղար,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հրանտ Խաչատրյանը։

Հետազոտության արդյունքները տպագրվել են «Acoustical Physics», «Chinese Physics Letters» և «Journal of Contemporary Physics» (Armenian Academy of Sciences) գիտական հանդեսներում: Ստացված արդյունքները զեկուցվել և ակտիվորեն քննարկվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, ինչպիսիք են Իսպանիայի «31st International Conference on Phenomena in Ionized Gases», Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի «Charged & Neutral Particles Channeling Phenomena» և ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի կողմից «Electron, Positron, Neutron and X–ray Scattering under External Influences» պարբերական կազմակերպվող միջազգային գիտաժողովները։

Հետազոտություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Գերձայնային, պտուտակավոր թռչող օբյեկտներից և հզոր հարվածող ալիքներից առաջացող գերցածր հաճախային էլեկտրամագնիսական և ակուստիկ ալիքների բազմասարք՝ ընդունիչ-ուժեղացուցիչ անալիզատոր, գրանցման համակարգեր» թեմայի շրջանակներում (ղեկավար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, N4 լաբորատորիայի վարիչ՝ Արթուր Արամյան)։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով