«Այս օրերին քաղաքացիների մի զգալի հատվածը նախընտրում է հանգիստը կազմակերպել բնության գրկում, ինչն ուղեկցվում է խարույկով, կրակի վրա խորոված պատրաստելով։ Շատ հաճախ քաղաքացիներն անփույթ են լինում, չեն հետևում հրդեհային անվտանգության կանոններին, ինչն էլ հանգեցնում է հրդեհների առաջացմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը տեղեկացնելով, որ քաղաքացիների շրջանում կատարում են ակտիվ իրազեկման աշխատանքներ։
Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ եղանակային բարձր ջերմաստիճանով և քամու ուժգնացումով պայմանավորված, հանրապետության անտառամերձ տարածքներում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից ժամը 11:00-ից իրականացնելու է հերթապահություն՝ կանխելու հնարավոր հրդեհները։

«Փրկարար ծառայությունը չի սահմանափակվում միայն անտառածածկ հատվածներ շրջայց իրականացնելով։ Շաբաթ, կիրակի օրերին, երբ բնակչության հոսքը դեպքի զբոսաշրջային վայրեր, հանգստյան գոտիներ ավելի է ակտիվանում, Փրկարար ծառայությունն անօդաչու թռչող սարքերով իրականացնում է իրազեկման աշխատանքներ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,-ասաց Բագրատ Վարդազարյանը։
«Հրդեհների ռիսկը շարունակում է բարձր մնալ, քանի որ առկա են քամիներ, իսկ քամու պայմաններում հրդեհների տարածման ռիսկը մեծանում է։ Երեք օր առաջ ունեցել ենք Վայոց ձորի Աղվանաձոր բնակավայրում, խոտածածկ տարածքում խոշոր հրդեհ։ Հրշեջ-փրկարարների օգնությամբ, ՊՆ ուղղաթիռի ներգրավմամբ միայն հնարավոր եղավ կանխել հրդեհի ներթափանցումը անտառածածկ տարածք, կարողացանք հրդեհի տարածման դեմն առնել։ Ունեցանք 65 հա խոտածածկ տարածքի այրում։ Ներկայում հրդեհի մարման փուլն է, կան թեթև ծխապատ հատվածներ»,-ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը և հավելեց, որ ավելացել են բուսածածկ տարածքների, պահեսավորված անասնակերի, աղբի, տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների դեպքերը, նվազել են բնակելի տարածքներում, շենք-շինություններում, ավտոտնակներում բռնկված հրդեհները։
Ըստ ներկայացրած վիճակագրության, Հանրապետությունում հունվար-հուլիս ամիսներին գրանցվել է հրդեհների թվի ավելացում՝ նախորդ տարվա նշված ժամանակահատվածում գրանցվել էր 2879 հրդեհի դեպք, այս տարի դեպքերի թիվն աճել է 85-ով՝ դառնալով 2964։ Հրդեհների դեպքերի կառուցվածքում զգալի աճը գրանցվել է հունվար և մարտ ամիսներին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը գնահատում է հանրապետության տարածքում հրդեհավտանգության աստիճանը։ Այն գնահատվում է 1-5-րդ սանդղակով։ 1-ն ամենացածրն է, 5-րդն՝ ամենաբարձրը։ Օգոստոսի 4-ի դրությամբ, ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի, ամենաբարձր կարգի հրդեհավտանգության աստիճանն առկա է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում։
Փրկարար ծառայությունը հորդորում է քաղաքացիներին խարույկը վառել միայն դրա համար նախատեսված վայրերում, ծխախոտի մնացորդները չնետել դուրս, դա կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ, քանի որ խոտածածկ տարածքները դեռ չոր են։ Խորհուրդ է տրվում վառելիքով լցված շշերը, լաթի կտորները չթողնել հսկողությունից դուրս, ապակիներ չթողնել խոտածածկ տարածքներում։
Eco.am





Թողնել մեկնաբանություն