Հայ գիտնականները բացահայտել են միացություններ, որոնք կարող են նպաստել նոր հակամանրէային դեղերի ստեղծմանը

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d6%81%d5%b8/

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտնականները բացահայտել են նոր միացություններ՝ ոչ սպիտակուցային ամինաթթուներ և սինթետիկ պեպտիդներ, որոնք օժտված են յուրահատուկ հակամանրէնային ակտիվությամբ և պրոտեազներ արգելակելու ունակությամբ:

Դրանցից են ոչ սպիտակուցային ամինաթթու (2R,3S)-հիդրոքսիլեյցինն և սինթետիկ պեպտիդ N-ֆորմիլ-մեթիոնիլ-(2R,3S)-հիդրոքսիլեյցինը: Eco.am սոցիալական հարթակը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից տեղեկացավ, որ այս միացություններն ունակ են նաև արգելակելու սերինային պրոտեազներ՝ օրինակ տրիպսինը: Դիպեպտիդ N-t-BOC-գլիցիլ-(S)-2-ամինա-3-(4-((4-ֆտորֆենիլ)-էթինիլ)-ֆենիլ)-α-ալանինը (N-t-BOC-գլիցիլ-zm68) արգելակում է Closridium histolyticum պաթոգեն մանրէների կողմից արտազատված կոլագենազը, որը նպաստում է տեր բջիջների քայքայմանը բորբոքային գործընթացների ժամանակ:

«Հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների առկայությունը և տարածումը ժամանակակից բժշկության մարտահրավերներից է, որը ստիպում է գիտնականներին փնտրել այլընտրանքային ճանապարհներ կայուն մանրէների դեմ պայքարելու համար: Ուղիներից մեկը նոր հակամանրէնային ակտիվությամբ օժտված միացությունների բացահայտումն է: Մենք հետազոտեցինք սինթետիկ ամինաթթուների և պեպտիդների ազդեցությունն արտաքին միջավայրից անջատած հակաբիոտիկների նկատմամբ կայուն Pseudomonas, Xanthomonas և այլ ցեղերի շտամների աճի վրա և բացահայտեցինք ոչ սպիտակուցային ամինաթթու HS100, որն արգելակում է կայուն մանրէների՝ Klebsiella, Streptococcus և Staphylococcus մանրէների որոշ շտամերի աճը՝ նվազեցնելով մանրէների տիտրը մոտ 5 կարգով»,- ասաց հետազոտության գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հովհաննիսյանը:

Հետազոտության կիրառական նշանակությունն այն է, որ հակամանրէային ակտիվությամբ օժտված նոր միացությունները կարող են նպաստել նոր հակամանրէնային դեղերի ստեղծմանը:

Հետազոտության արդյունքում ստացված գիտական արդյունքները տպագրվել են ՀՀ գիտական ամսագրերում, ներկայացվել՝ միջազգային գիտաժողովներում: Հետազոտությունը կատարվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բազային ֆինանսավորմամբ իրականացվող «Pseudomonas և Xanthomonas ցեղերին պատկանող մանրէների հակաբիոտկների նկատմամբ կայունության հախթահարումը» ծրագրի շրջանակներում: Հետազոտական աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ: Ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի ուսանողները գրել են երկու ավարտական աշխատանք և երկու մագիստրոսական թեզ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով