Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը օրերս Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հունվարի 20-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի մասին տվյալներ էր հրապարակել, ըստ որի Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Թույլատրելիի սահմանը գերազանցել է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Կենտրոնի բացատրությամբ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
«Աբովյան քաղաք կամ դեպի Արզնի գյուղ տանող ճանապարհին, եթե նկատել եք, սարերի գոյությունը հավասարվել է, այսինքն՝ ակտիվ քարհանման աշխատանքներ են կատարվում, և այդ ողջ փոշին գալիս ու լցվում է Երևանում։ Դրանից բացի նաև «Մաքուր երկաթի գործարան»-ն է աշխատում, որի փոշին հիմնականում Կենտրոն, Շենգավիթ, Նոր Նորք վարչական շրջաններում է տարածվում, դա արդեն ծանր մետաղներով փոշին է։ Գիշերը մթության մեջ փորձեք հեռախոսի լույսը վառել և կտեսնեք, թե որքան մանր փոշիներ կան օդում՝ նույնիսկ տեսանելիորեն»,- Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում ասաց «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։
Նրա դիտարկմամբ, փոշու պարունակությունը թույլատրելիի սահմանը գերազանցելը անհետք չի անցնում մեր առողջության կողքով։
«Ընդհանրապես եվրոպացիներն իրենց հեռախոսներում բջջային հավելված ունեն, որով տեսնում են, թե որտեղ որքան է փոշու պարունակությունը և մասնիկների չափը, որը 2,5 միլիմետրը չպետք է գերազանցի։ Նրանք շատ հետևողական են այդ հարցում, բայց մեզ մոտ՝ Հայաստանում, չգիտես ինչու, անընդհատ գերազանցում է այդ թույլատրելին, ինչը վտանգավոր է շնչառական օրգանների համար։ Հատկապես այս կորոնավիրուսի շրջանում»,- ասում է Ն. Կիրակոսյանն ու զարմանքով արձանագրում. «Մեզ թունավորում են, շատերս մեզ վատ ենք զգում, բայց չենք հասկանում, թե ինչից է։ Կարծես գլոբալ խենթացում լինի՝ վիրուսների հետ կապված, հիմնարար գիտելիքներ ունեցողները մոռացել են բարձրաձայնել վարկածը, որ այդ համատարած առողջական խնդիրները կարող է փոշուց լինել, քանի որ այդ փոշո մեջ ծանր մետաղներ կան»։
Ըստ զրուցակցի, փոշու թույլատրելիի սահմանը կրկնակի է գերազանցվում ամռան ամիսներին, քանի որ մայրաքաղաքում ջրային և թթվածնային ռեսուրսները գնալով կրճատվել են. «Հայաստանը ջրային ռեսուրս չունի, որ օդը մաքրվի, մի հատ Գետառ ունեինք այն էլ՝ փակեցինք, գոնե ցայտաղբյուրներ պիտի լինեն։ Իսկ ծառերի մասին էլ խոսք չկա, ցավով պետք է ասեմ, որ մեր վերջին կանաչ տարածություններում, հատկապես Դալմայի այգում, այնքան արագ են կառուցվում բարձրահարկ շենքեր, իսկ փոխարենը մինչև նոր ծառեր տնկվեն, արդեն հարց է՝ մենք կապրե՞նք, թե՝ ոչ։ Առողջ մարմին ունենալու համար առաջին հերթին պետք է թթվածնով լցվի ոչ միայն թոքերը, այլ նաև գլխուղեղը, որ կարողանաք մտածել, որ քնկոտութուն չունենաք, որ չփռշտաք, որ շնչահեղձ չլինեք և այլ նման խնդիրներ չառաջանան»,- ցավով արձանագրեց «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։




Թողնել մեկնաբանություն