Հաղթանակի և հիշատակի ծառը՝ Բուսաբանական այգու «Անկախության արահետում»

https://eco.am/%d5%b0%d5%a1%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab-%d6%87-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab-%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a8%d5%9d-%d5%a2%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1/

Մայիսի 8-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ հիշատակաց» ծառատունկ-ցերեկույթը, որը 5-րդն էր` արահետի հիմնադրման օրից:

Չնայաց պատմական ներկայի բարդ իրականությանը, ցերեկույթի նախաձեռնողները, այնուամենայնիվ, այն նվիրել էին տարիներ շարունակ նշվող մայիսյան Եռատոնին: Ուստի, պատվավոր հյուրերն էին` Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, վետերան, կապավոր Ռոզալիա Աբգարյանը /ծնվ.1923թ./, Հայրենական Մեծ պատերազմի վետերան, կարմիրնավատորմային, Նովոռոսիյսկի, Կերչի ու Սևաստոպոլի ազատագրման մասնակից Ներսես Սիմոնյանը /ծնվ.1923թ/, Արցախյան պատերազմի /1992-94թթ/օպերատոր-վավերագրող Շավարշ Վարդանյանը:

Ներկայացնելով իրենց անցած մարտական ուղին, Ներսես Սիմոնյանն ու Ռոզալիա Աբգարյանը երիտասարդ սերնդին մաղթեցին դառնալ Հայրենիքի արժանավոր զավակներ և ապրել խաղաղ երկնքի տակ:

«Ծառը` երկարակեցության սիմվոլն է: Տնկելով խորհրդանշական «Ծառ հիշատակացը»` գալիք սերունդներին փոխանցում ենք ոչ միայն կանաչ գոտիներ, այլև մեր ժողովրդի պատմությունը», – իր խոսքում ընդգծեց Ռոզալիա Աբգարյանը:

Վավերագիր-օպերատոր Շավարշ Վարդանյանի խոսքով ոչ մի պարագայում չի կարելի մոռանալ մեր ժողովրդի հաղթանակները․ «Մեր` վավերագիր-օպերատորների պարտքն է ներկայացնել երիտասարդ սերնդին իրականությունը, որպեսզի նրանք իմանան ինչպես պարտությունների, այնպես էլ հաղթանակների մասին: Իսկ նոր հաղթանակները` ընդամենը ժամանակի հարց են»,– հաստատակամ վստահաեցրեց Արցախյան պատերազմի վավերագրողը:

Ամփոփելով ցերեկույթը, նախաձեռնության կազմակերպիչ Սամվել Բաղդասարյանն իր խոսքում ընդգծեց․ «Յուրաքանչյուրիս պարտավորությունն է, նվիրյալ հոգիների և գալիք սերունդների առջև, ապահովել հայի շարունակական ընթացքը»:

Երևանի բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանի կողմից պատվավոր հյուրերին հանձնվեցին Երևանի Բուսաբանության այգու մուտքի նվեր-քարտեր:

Երաժշտական կատարումներով`ռազմահայրենասիրական երգերով, ցերեկույթին հանդես եկան երգիչ Ռուբեն Եղոյանը և բարդ Ռուբեն Քամալյանը:

Համընդհանուր ուժերով «Անկախության արահետ»-ը համալրվեց ևս մեկ ծառով` «Ծառ հիշատակաց» խորհրդանշական անվանմամբ: Շաբաթօրյակի շրջանակներում իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան Ավան համայնքի թիվ 104 դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը:

Տեղեկանք

Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետը» հիմնվել է 2020 թվականի սեպտեմբերի 21-ին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: Նույն օրը տնկվել է 30 ծառ-տնկի: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին:

Ի դեպ

Մայիս ամսվա ընթացքում տնկված 106 ծառերի մեքենաներով ջրման գործընթացին կաջակցեն Նոր-Նորքի, Ավան և Զեյթուն համայնքների թաղապետարանները: Իսկ հունիս ամսից շահագործման կհանձնվի ջրային խողովակների լոկալ համակարգը` Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ:

Ծառատունկի մանրամասները՝ տեսանյութում․

https://www.youtube.com/watch?v=oPjzde5UULE

 

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել