«Հադրութը նախշուն բնություն ունի, նաև լավ ավանդույթ՝ անվանական ծառատունկերով այն էլ ավելի շքեղացնելու համար։ Իսկ Չինարին Հադրութում տարածված ծառատեսակներից է, այն նաև շրջկենտրոնի խորհրդանիշն է»,- Eco.am-ի հետ զրույցում ասաց «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպության տնօրեն Մերի Դավթյանը, որոնց նախաձեռնությամբ էլ հանրահռչակում է Հադրութի մշակույթը, ավանդույթները և արհեստները։
Հենց այդ նախաձեռնությամբ էլ օրերս Երևանի Նոր Նորքի 2 զանգվածի Վերածննդի այգում հադրութցիները կյանքի են կոչել «Նախշուն Հադրութը»՝ ծառատունկի տեսքով։
«Ընդհանուր առմամբ ծառատունկի գաղափարն ունեինք հետպատերազմյան օրերին։ Ուզում էինք հադրութցիների երախտագիտությունը հայտնել Երևանին»,- մեզ հետ զրույցում ասաց «Հադրութի դեօկուպացիա» հկ տնօրենն ու տեղեկացրեց․ «Տնկել ենք խորհրդանշական 50 ծառ՝ կապույտ եղևնի ու կեչի։ Իսկ ծառատունկին մասնակցել են Հադրութի շրջանից բռնի տեղահանվածները՝ իրենց համայնքի ղեկավարի գլխավորությամբ»։
Մայր Հայասատանի հողին պահ տալով կապույտ եղևնիներ ու կեչիներ՝ հադրութցիները խորհրդանշական ձևով միասնականության, կյանքի ու վերածննդի կամուրջ կապեցին։ Տեղահանված հադրութցիները, ծառատունկի խորհրդանշական ձևով, իրենց երախտագիտությունը հայտնեցին Երևանին՝ Արցախյան երրորդ պատերազմի օրերին աջակցելու և ապաստան տալու համար։






Թողնել մեկնաբանություն