«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի առաջընթացին ծանոթանալու և վերջերս հաստատված 36 ամսով երկարացման շրջանակում հետագա անելիքների քննարկման նպատակով հոկտեմբերի 16-ից 20-ը Հայաստան էին այցելել Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ներկայացուցիչները:
Eco.am սոցիալական հարթակը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) էներգաարդյունավետության նախագծերից տեղեկացավ, որ Կլիմայի կանաչ հիմնադրամի պատվիրակության անդամներ Գարեթ Զահիր-Բիլն ու Ֆոլասադե Այոնրինդեն ՄԱԶԾ տարածաշրջանային և հայաստանյան ներկայացուցիչներ Յանա Կոպերնիկի, Կոնստանտին Սոկուլսկիի ու ծրագրային թիմի հետ համատեղ հանդիպել են ծրագրի ազգային գործընկերներին:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի հետ քննարկվել են ծրագրի ծրագրի իրականացման արդյունավետության վրա ազդեցություն ունեցող ռիսկերն ու մարտահրավերները:
Կլիմայի կանաչ հիմնադրամի ներկայացուցիչները այցելել են նաև ծրագրի շրջանակում ջերմաարդիականացված բնակելի ու հասարակական շենքեր:
Էրեբունու թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, թիվ 36, 47, 48, 49 մանկապարտեզներում նրանք հանդիպել են ծրագրի շահառուներին, քննարկել իրականացված միջամտությունների արդյունքներն ու ստացված օգուտները:
ԿԿՀ ներկայացուցիչներ Գարեթ Զահիր-Բիլն ու Ֆոլասադե Այոնրինդեն այցելել են Լոռու ու Տավուշի մարզեր՝ Սպիտակ, Ստեփանավան ու Դիլիջան քաղաքներում ծանոթացել բազմաբնակարան շենքերի ջերմաարդիականացման արդյունքներին, հանդիպել քաղաքապետերին, զրուցել շահառու բնակիչների հետ, քննարկել 2024-25թթ․ նախատեսվող ծրագրերը:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Թողնել մեկնաբանություն