«Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրով տեղի կունենա «Արևորդի» բնապահպանական փառատոնը

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a6%d5%a1%d6%80/

Մայիսի 24-28-ը Հայաստանի կինեգործիչների միությունում տեղի կունենա «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի կանցկացվի «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ Փառատոնային օրերին տեղի կունենա կենդանիների դիմակահանդես-շքերթ, ցուցահանդեսներ, ինչպես նաև կցուցադրվեն ֆիլմեր, որոնք առնչվում են բնապահպանության հետ։

Ֆիլմերի ցուցադրություն

Ունենալով 150 երկրներից ավելի քան 780 ֆիլմերի ցուցադրման պատմություն՝ փառատոնի այս տարվա ֆիլմացանկը ներկայացնում է աշխարհի ամենաազդեցիկ բնապահպանական մարտահրավերների ևս մեկ շարք: Ֆիլմերի ցուցադրությամբ փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ ընդգծելու բնապահպանական գիտակցության բարձրացման կարևորությունը և կինեմատոգրաֆիայի ուժն այդ հարցում: Փառատոնում ներկայացված 40-ից ավելի ֆիլմերը կմրցեն հետևյալ 4 անվանակարգերում՝

1․ֆիլմեր բնապահպանների մասին,

2․լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին,

3․կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին,

4․Ֆիլմեր երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին։

Երիտասարդական անկյուն

Փառատոնի շրջանակում այս տարի առավել քան երբևէ մեծ ուշադրություն կհատկացվի երիտասարդների ակտիվ ներգրավվածությանն ու նրանց մասնակցությամբ միջոցառումների իրականացմանը։ Երիտասարդական անկյունը կունենա 2 գոտի։

Առաջին գոտում կկազմակերպվի ցուցահանդես-էքսպո, որտեղ օրական ավելի քան 10 տաղավարում կներկայանան բնապահպանական կրթության, երիտասարդների ներգրավման հարցերով առաջատար կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց ծրագրերը, հաջողությունների պատմություններն ու համագործակցության հնարավորությունները։ Ցուցահանդես-էքսպոյի կազմակերպումը նպատակ է հետապնդում հարթակ ստեղծել ինչպես ոլորտային կազմակերպությունների միջև կապեր ստեղծելու, փորձի փոխանակման, այնպես էլ երիտասարդներին ոլորտում առկա հնարավորությունների մասին իրազեկելու համար։

Երիտասարդական անկյան երկրորդ գոտում էքսպոյին զուգահեռաբար իրականացվելու են աշխատարաններ, գործնական աշխատանքներ, ինտերակտիվ քննարկումներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝

1․«Կայուն նորաձևություն և տեքստիլ»,

2․«Օրգանական այգեգործություն և քաղաքային գյուղատնտեսություն»,

3․ «Սոցիալական ձեռներեցություն»,

4․«Կայուն ճանապարհորդություն և էկոտուրիզմ» և այլն։

Թեմատիկ ինտերակտիվ քննարկումներից և գործնական աշխատանքներից հետո տեղի է ունենալու ֆիլմերի դիտում։

Երիտասարդական անկյունում մայիսի 24-ին, 25-ին, 27-ին և 28-ին, 14։00-18։00, գործելու է ձրի շուկա՝ հագուստի և իրերի փոխանման ցանցը, որտեղ կարող եք գտնել ու անհատույց վերցնել ձեզ անհրաժեշտ իրեր և թողնել իրեր, որոնք ձեզ այլևս պետք չեն։ Ամեն նոր ապրանքի ձեռքբերում հանգեցնում է ավելի շատ թունավոր գազերի արտանետումների, հողի, օդի ու ջրի աղտոտման։ Հետևաբար, ձեռք բերելով օգտագործված իրեր՝ դուք քայլ եք անում դեպի ավելի անվտանգ ապագա մեզ հայտնի այս միակ Մոլորակի վրա, որն այսքան մեծ հոգատարությամբ հյուրընկալում է մեզ։

Կարևոր է իմանալ՝

1․Ձրի շուկան բարեգործական միջոցառում չէ, այլ համայնքային հոգատարության միջոցառում․ նվիրեք բաց սրտով և վերցրեք առանց ամաչելու։

2․Պարտադիր չէ, որ որևէ իր վերցնելու համար անպայման փոխարենն այլ իր թողնեք,

3․Ձրի շուկային խնդրում ենք բերել իրեր, որենք լավ վիճակում են և կրելու/օգտագործելու պիտանի են,

4․Եթե ձեր իրը թերի է, նշեք դրա թերությունները թղթիկի վրա և փակցրեք․ միշտ հաճելի է հասկանալ, թե ինչ ես վերցնում։

Հագուստի փոխանակման ֆորմատը խրախուսում է գիտակից սպառումը, բազմակի օգտագործումը, կոչ է անում ազատվել կարծրատիպերից և փրկել որոշ իրեր աղբավայրից, որոնք կարող են դեռ նպատակային ծառայել։ Նմանատիպ մոտեցումն էկոլոգիապես մաքուր ապրելակերպի դրսևորումներից է։

«Փխրուն տարածություն» խմբային ցուցահանդես

Մայիսի 24-ին կբացվի «Փխրուն տարածություն» միջազգային խմբային ցուցահանդեսը, որի առանցքային թեման մարդկային գործունեության ու շրջակա միջավայրի միջև նուրբ ներդաշնակությունն է։ Մասնավորապես, ներկայացված աշխատանքները բարձրաձայնելու են բնապահպանական այն վտանգները, որոնց առջև այսօր կանգնած է մեր մոլորակը։ Նմուշները ներառում են վիդեո ինստալացիաներ, տեղեկատվական էկրաններ, արհեստական բանակության գեներացրած պատկերներ, վերամշակված նյութերից պատրաստած քանդակներ, պաստառներ և այլն։ Դրանց հեղինակներն են Ալեքս Ֆրոստը, Ալեքսեյ Մանուկյանը, Լիլիթ Ստեփանյանը, Տի Կոստանը, Դան Պերյովշին, Դավիթ Գալստյանը, Վահան Խաչատրյանը, Գրիգոր Խաչատրյանը, Գեղամ Սարգսյանը։

Բեռտա Մարտիրոսյանի ֆոտո ցուցահանդես

Մայիսի 24-28-ին Կինոյի տանը այցելուների համար բաց կլինի նաև վայրի բնության լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի անհատական ֆոտո «Հայաստանի կենսաբազմազանությունը» ցուցահանդեսը, որը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանում հանդիպող ամենատարբեր թռչունների, կաթնասունների, միջատների ու սողունների։

Պաստառների ցուցահանդես

«Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնը գրաֆիկական պաստառների միջոցով փորձ է անելու իրազեկել, զարգացնել քննադատական մոտեցումը կենսաբազմազանության կորստի և բնապահպանական խնդիրների վերաբերյալ: Այս ձևաչափի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ արվեստն ավանդաբար եղել է սոցիալական, քաղաքական շատ շարժումների հիմքում, և մասնավորապես պաստառները մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա որպես խաղաղության, արդարության, շրջակա միջավայրի պահպանության համար պայքարի կենդանի հիշեցում:

«Կենդանիների դիմակահանդես-շքերթ»

Իսկ ահա մայիսի 26-ին փառատոնի մասնակիցները, պատանիներն ու երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու իրական տոնախմբության՝ «Կենդանիների դիմակահանդես-շքերթին»։ Դիմակահանդեսի շրջանակում նախապես ներկայացված հայտերի հիման վրա մասնակից դարձած երիտասարդական խմբերը կներկայանան իրենց կողմից թափոններին «երկրորդ կյանք» տալու արդյունքում ստեղծված զգեստներով, դիմակներով՝ մարմնավորելով տարբեր վտանգված կենդանա/բուսատեսակներ և հանդես գալով կարևոր բնապահպանական ուղերձներով։ Բոլոր մասնակիցներն իրենց ստեղծած գունագեղ կոստյումներով մի քանի ժամ շարունակ քայլերթ կիրականացնեն Երևանի կենտրոնական փողոցներով՝ բնակիչներին ևս իրազեկելով թեմայի հրատապության և արդիականության մասին։ Ամենաստեղծարար 5 խմբերը կստանան խրախուսական մրցանակներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բնապահպանական խնդիրները Ռիմա Պիպոյանը վեր է հանել պարային ֆիլմերի միջոցով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով