«Կենսաբազմազանության մոնիթորինգ, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմում»․  ՇՄՆ-FPWC հուշագիր է ստորագրվել

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%b6%d5%ab%d5%a9%d5%b8%d6%80%d5%ab%d5%b6%d5%a3-%d5%b4%d5%a1/

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է համաձայնության հուշագիր, որի նպատակը բնության պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հուշագիրը ստորագրել են ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում։

Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում կայացավ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Հոկտեմբերի 17-ին համաժողովի մասնակիցների խումբը եղել է Խոսրովի անտառ պետական արգելոցի այցելուների կենտրոն, ինչպես նաև շրջել է Գոռավանի ավազուտների արգելավայրում։ Մասնակիցների համար Հայաստանի կենսաբազմազանությունը շատ հետաքրքիր և ուշադրության արժանի է եղել։

Համաձայնության հուշագրի կնքումը նախատեսվում է տարբեր ուղղություններով, որոնցից են՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, պահպանություն և կառավարում, կենսաբազմազանության մոնիտորինգի իրականացում, կենդանական և բուսական աշխարհի պահպանություն, հակահրդեհային միջոցառումների աջակցություն, բնության և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով էկոզբոսաշրջության կազմակերպում, կենսաբազմազանության պահպանություն ու կենսառեսուրսների կայուն օգտագործում, անհետացող տեսակների պոպուլյացիաների վերականգնում, մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմման միջոցառումների իրականացում, անազատ և կիսաազատ պայմաններում ապօրինի պահվող, բնության մեջ ապրող վայրի կենդանատեսակներին սպառնացող միջադեպերից փրկելու նպատակով կարանտինային տարածք տեղափոխելու, բուժման և հնարավորության դեպքում վայրի բնություն բաց թողնելու աշխատանքների իրականացում, էկոլոգիական կրթություն, փորձի փոխանակում և մասնագետների վերապատրաստում և այլն։

Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքը ևս պատահական չի ընտրվել։ Արգելոցի հարակից տարածքում FPWC կողմից ստեղծվել է առաջին և միակ մասնավոր պահպանվող տարածքը Հայաստանում, որը լրացուցիչ բուֆերային անվտանգության գոտի է և մեծապես օգնում է արգելոցում պահպանության ուժեղացմանը։ Տարածքը կոչվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (CWR):

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով