Կենդանի մոլորակ Հաշվետվություն 2020. Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF)

https://eco.am/%d5%af%d5%a5%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%a1%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-2020-%d5%a2%d5%b6%d5%b8/

Eco.am-ը ներկայացնում է ձեզ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)  «Կենդանի մոլորակ Հաշվետվություն 2020»-ի  «Ընդհանուր պատկերը», «SOS բնության համար» և «Պոպուլյացիայի մակարդակով․ ի՞նչ է ցույց տալիս Կենդանի մոլորակ համաթիվը 2020 թվականին» ենթաբիժինները: Առաջիկայում կներկայացնենք հաշվետվության մյուս բաժինները նույնպես:

Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) WWF-ն աշխարհի ամենամեծ և ամենափորձառու բնապահպանական կազմակերպություններից մեկն է։ Այն ունի 5 միլիոնից ավել աջակից ամբողջ աշխարհով մեկ և գրասենյակներ 100-ից ավելի երկրներում։ WWF-ի առաքելությունն է կանգնեցնել մոլորակի բնական միջավայրի հետընթացը և ստեղծել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ապրում են բնության հետ ներդաշնակ՝ պահպանելով մոլորակի կենսաբազմազանությունը, ապահովելով բնական ռեսուրսների կայուն օգտագործումը, նպաստելով մոլորակի աղտոտվածության և ոչ խելամիտ սպառման կրճատմանը։ Կենդանաբանության ինստիտուտ (Լոնդոնի կենդանաբանական հասարակություն) Կենդանաբանության ինստիտուտը (Լոնդոնի կենդանաբանական հասարակություն)` ZSL-ը, հիմնադրվել է 1826 թվականին։ Այն միջազգային բնապահպանական բարեգործական կազմակերպություն է, որն աշխատում է ստեղծել մի աշխարհ, որտեղ վայրի բնությունը բարգավաճում է։

ZSL-ի աշխատանքը հիմնված է նորարարական գիտական ձեռքբերումների, ամբողջ աշխարհով մեկ բնապահպանության ու 2 կենդանաբանական այգու միջոցով միլիոնավոր մարդկանց ներգրավվածության վրա (Լոնդոնի կենդանաբանական այգի և Ուիփսնեյդի կենդանաբանական այգի)։

ZSL-ը կառավարում է Կենդանի մոլորակ համաթիվը® հաշվարկելու գործընթացը՝ WWF- ի հետ համատեղ:

WWF. 2020. Կենդանի մոլորակ զեկույց 2020:

Բեկելով կենսաբազմազանության կորստի կորը

Almond, R.E.A., Grooten M. and Petersen, T. (Eds) WWF, Gland, Switzerland

 

Ընդհանուր պատկերը

Մարդն առանց բնության չի կարող ապրել։ Բնությունն անհրաժեշտ է մարդու գոյության և կյանքի լավ որակի համար։ Բնությունը մարդկությանն ապահովում է մաքուր օդով, քաղցրահամ ջրով և բերրի հողերով, որոնցից կախված ենք մենք բոլորս: Բնությունը կարգավորում է նաև կլիման, ապահովում է փոշոտում, պաշտպանում վնասատուներից և նվազեցնում բնական վտանգների ազդեցությունը: Այսօր մարդկության կողմից սննդի, էներգիայի և այլ նյութերի բավական մեծ ծավալի սպառումն ուղեկցվում է բույսերի և կենդանիների գերօգտագործմամբ, որն ավելի ու ավելի է կասկածի տակ դնում ապագայում բնության կողմից դրանց տրամադրման հնարավորության հավանականությունը:

Լայնածավալ առևտրի, անընդհատ աճող սպառման և բնակչության թվի, ինչպես նաև ուրբանիզացիայի հսկայական ծավալների պատճառով վերջին 50 տարում մեր աշխարհն արագ տեմպերով վերափոխվում է: Այս ամենն իհարկե հանգեցնում է աննախադեպ ծավալներով բնական ռեսուրսների գերօգտագործման, սա էլ իր հերթին բերում է բնության ոչնչացման։ Քիչ թվով երկրներ են պահպանում մոլորակի վերջին վայրի տարածքները: Արդյունքում, մեր բնական աշխարհն ավելի արագ է վերափոխվում, քան երբևէ: 2020 թ.-ի Կենդանի մոլորակի համաշխարհային համաթիվը ցույց է տալիս 1970-ից 2016 թթ․ ժամանակահատվածում դիտարկված կենդանիների, այն է՝ մի շարք կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների պոպուլյացիայի միջինում 68% անկում: Տեսակների պոպուլյացիայի միտումները կարևոր են, քանի որ դրանք էկոհամակարգի առողջության գրավականն են: Ճիշտ է, չափազանց բարդ է հաշվարկել բոլոր կենդանատեսակների թվաքանակի փոփոխությունը, քանի որ կենդանական աշխարհը չափազանց բազմազան է, և հնարավոր չէ կիրառել այնպիսի հաշվարկման մեխանիզմ, որն ընդգրկի բոլոր տեսակների հետազոտությունը, սակայն, այնուամենայնիվ, ստացված արդյունքները վկայում են, որ վերջին տասնամյակներում գրանցվել է կենսաբազմազանության էական կորուստ։ Հարց է ծագում՝ կարո՞ղ ենք կասեցնել կորստի այս միտումները: Սա այն հարցն է, որ բարձրացվել է 2017 թ.-ին՝ Bending the Curve (Բեկենք կորը) (WWF-ի և ավելի քան 40 համալսարանների, բնապահպանական կազմակերպությունների և միջկառավարական կազմակերպությունների գործակցություն) նախաձեռնության կողմից, որպեսզի հետազոտվեն և մոդելավորվեն այն ուղիները, որոնք կօգնեն կասեցնել կենսաբազմազանության կորստի միտումը:

Այժմ վստահորեն կարող ենք ասել, որ այս նորարարական մոդելը վկայում է այն մասին, որ մենք կարող ենք վերականգնել ցամաքային հատվածի կենսաբազմազանությունը հողօգտագործման մոդելի փոփոխության դեպքում։ Պահպանության նկատմամբ աննախադեպ և անմիջական ուշադրության, ինչպես նաև մեր ժամանակակից սննդային համակարգի վերափոխման շնորհիվ, մենք կարող ենք ունենալ կենսաբազմազանության վերականգնման և աճող բնակչությանը բավարար պարենով ապահովելու գործողությունների արդյունավետ ծրագիր: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ առաջնորդություն և կամք: Բացի «Բեկելով կորը» նախաձեռնության կողմից բարձրաձայնած թեզերից մենք դիմեցինք ամբողջ աշխարհով մեկ սփռված տարբեր երկրների ինչպես երիտասարդ, այնպես էլ կայացած մշակութային գործիչների, ստեղծագործողների, մտածողների, տարբեր ոլորտների մասնագետների, որպեսզի նրանք մեզ հետ կիսվեն իրենց տեսակետներով, թե ինչպես են նրանք պատկերացնում առողջ մոլորակը մարդկանց և բնության համար: Նրանց մտքերն առաջին անգամ ամփոփված են «Կենդանի մոլորակ 2020» զեկույցում՝ «Իմ ձայնը կենդանի մոլորակին» հատուկ հավելվածով: Վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցան մի շարք աղետալի իրադարձություններ՝ հրդեհներ, միջատային համաճարակներ, COVID-19՝ ցնցելով աշխարհի բնապահպանական գիտակցությունը։ Այս ամենը շեշտադրեց կենսաբազմազանության պահպանության առաջնային և օրհասական խնդիր լինելու փաստը։ Եթե մարդկությունը ցանկանում է պահպանել իր առողջությունը, անվտանգությունը, ինչպես նաև կարողությունները, ապա օր առաջ պետք է կատարվեն բոլոր անհրաժեշտ ռազմավարական ներդրումները բնության առողջացման ուղղությամբ։ 2020 թվականը նախատեսում էր լինել «գեր-տարի», որի ընթացքում միջազգային հանրությունը պլանավորում էր անցկացնել կլիմային, կենսաբազմազանությանը և կայուն զարգացմանն ուղղված հանդիպումների պատմական շարք, որն իր ձեռքը կվերցներ Անթրոպոցենի (մարդածին) կառավարումը, սակայն COVID-19-ի պատճառով դրանցից շատերը տեղափոխվեցին 2021 թ.։ Աշխարհում ստեղծված ներկայիս իրավիճակը հաստատում է, որ երկրների առաջնորդները պետք է գան նոր համաշխարհային համաձայնության, ինչը մեզ կտանի այնպիսի ճանապարհով, որի պայմաններում և՛ մարդկությունը, և՛ բնությունը կկարողանան բարգավաճել: Մենք գիտենք, որ այս զեկույցը հրապարակվում է դժվարին ժամանակներում: Քանի որ աշխարհն այսօր անխուսափելիորեն թևակոխում է ավելի մեծ իրարանցման, անկայունության և փոփոխությունների մի շրջան, այս զեկույցում մենք ներկայացրել ենք բավական կարևոր տեղեկատվութուն և գիտելիք, որոնք հուսով ենք շարժիչ ուժ կհանդիսանան կարևորագույն որոշումների կայացման, էկոլոգիական, սոցիալական և տնտեսական մարտահրավերների դիմակայման ու խնդիրների լուծման համար:

SOS բնության համար

Կենսաբազմազանությունը, ինչպես մենք նրան այսօր ծանոթ ենք, հիմնարար նշանակություն ունի մարդու կյանքի համար Երկիր մոլորակի վրա։ Սակայն պարզից էլ պարզ է, որ մենք այն ոչնչացնում ենք աննախադեպ արագությամբ։

Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր, մարդկային գործունեության հետևանքով ավելի ու ավելի շատ են ոչնչացվել և քայքայվել անտառները, խոտհարքները, ջրավազանները և այլ կարևոր էկոհամակարգեր՝ սպառնալով մարդու բարեկեցությանը: Երկրի ոչ սառցային մակերեսի 75%-ը զգալիորեն փոխվել է, օվկիանոսների մեծ մասն աղտոտված է, իսկ ջրաճահճային տարածքների ավելի քան 85%-ը կորսվել է: Վերջին մի քանի տասնամյակում ցամաքային համակարգերում կենսաբազմազանության կորստի ամենակարևոր պատճառը եղել է հողօգտագործման փոփոխությունը, առաջին հերթին` չբնակեցված տարածքները գյուղատնտեսական համակարգերի վերածելու հաշվին, միևնույն ժամանակ օվկիանոսների մեծ մասում ձկնորսությունն իրականացվել է թույլատրվածից շատ ավելին: Ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխությունը մինչ օրս չի հանդիսացել կենսաբազմազանության կորստի ամենակարևոր պատճառը, սակայն առաջիկա տասնամյակների ընթացքում կանխատեսվում է, որ այդպես կլինի, կամ այն կդառնա ամենակարևոր պատճառներից մեկը: Կենսաբազմազանության կորուստը ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլ զարգացման, տնտեսական, համաշխարհային անվտանգության, էթիկական և բարոյական: Դա նաև ինքնապահպանման խնդիր է: Կենսաբազմազանությունը չափազանց կարևոր դեր ունի սննդի, մանրաթելերի, ջրի, էներգիայի, դեղամիջոցների և գենետիկ այլ նյութերի տրամադրման գործում։ Այն նաև առանցքային նշանակություն ունի մեր կլիմայի, ջրի որակի, աղտոտվածության, փոշոտման, ջրհեղեղի և փոթորիկների զսպման հարցում: Բացի այդ, բնությունն ընկած է մարդու առողջության բոլոր հարթությունների հիմքում և ներգործում է ոչ նյութական մակարդակների վրա` ոգեշնչում և ուսուցանում է, ֆիզիկական և հոգեբանական փորձառության շնորհիվ ձևավորում է մեր ինքնությունը։ Իսկ այս ամենն առանցքային է կյանքի որակի և մշակութային ամբողջականության տեսանկյունից:

 

Պոպուլյացիայի մակարդակով․ ի՞նչ է ցույց տալիս Կենդանի մոլորակ համաթիվը 2020 թվականին

Տեսակների պոպուլյացիայի միտումները կարևոր են, քանի որ դրանք էկոհամակարգի ընդհանուր առողջության գրավականն են: Լուրջ անկումներն ահազանգում են բնության փոփոխության կամ կորստի մասին:

Կենդանի մոլորակ համաթիվը (ԿՄՀ) այժմ հետևում է ամբողջ աշխարհում շուրջ 21,000 կաթնասունների, թռչունների, ձկների, սողունների և երկկենցաղների պոպուլյացիայի փոփոխություններին։ Վերջիններս կցված են ԿՄՀ-ին 1970 թվականից ի վեր պոպուլյացիաների թվաքանակի միջին տոկոսային փոփոխությունը հաշվարկելու համար` օգտագործելով համաթիվը (նկար 1): Այս տարվա համաթիվը ներառում է գրեթե 400 նոր տեսակ և 4,870 նոր պոպուլյացիա: 2018 թ.-ի վերջին ԿՄՑ-ի հաշվարկից հետո հաշվարկում ընդգրկված տեսակների քանակն ավելացել է տարածաշրջանների մեծ մասի և տաքսոնոմիկ խմբերի համար, ընդ որում՝ ավելի շատ երկկենցաղների հաշվին: Ներկայումս ԿՄՀ-ն պարունակում է տվյալներ միայն ողնաշարավոր տեսակների վերաբերյալ, քանի որ պատմականորեն նրանց ավելի հեշտ է վերահսկել։ Սակայն ներկայումս մենք արդեն ձեռնարկում են քայլեր անողնաշարավորներին ընդգրկելու ուղղությամբ, քանի որ փորձում ենք ընդլայնել մեր պատկերացումները վայրի կենդանիների պոպուլյացիայի փոփոխության վերաբերյալ։ 2020 թ.-ի ԿՄՀ-ն ցույց է տալիս 1970-2016 թթ․ ընկած ժամանակահատվածում կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների դիտարկված տեսակների պոպուլյացիայի միջինում 68% անկում (միջակայք՝ -73%-ից -62%)  ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով