Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում

https://eco.am/%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80-%d5%ac%d5%a5%d5%bc%d5%a8-%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a1%d5%bc%d5%be%d5%ab-%d5%a2%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0/

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը։

Շրջակա միջավայրի նախարարությունը ընդգծում է, որ Կարմիր Կատարը բնության հուշարձանների ցանկում ներառելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։

Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն՝ 3530 մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:

Ինչպես նշված է նախագծում, Կարմիր Կատարը ունի զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։

Նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է, որ ներկայիս պայմաններում կապահովվի որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը։

Նշենք նաև, որ պարբերաբար ահազանգեր են լինում լեռան խառնարանային լճից բենզապոմպերի միջոցով ապօրինի ջրառ իրականացնելու մասին, և կարելի է  եզրակացնել, որ այս նախագիծը միտված է նաև այդպիսի դեպքերը բացառելուն։

Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել