Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ստեղծել են նոր տեսակի էկոլոգիապես մաքուր նյութ, որն անվանել են «կարծրացված փայտ»: Այս նյութի հիմքում մշակված բջջանյութն է (ցելյուլոզ), որը կազմում է փայտի 40-50%-ը: Գիտնականներն առանձնացրել են փայտի բջջանյութը և այն ենթարկել հատուկ մշակման։ Արդյունքում նրանք ստացան նոր տեսակի նյութ, որը մի շարք չափանիշներով գերազանցում է նույնիսկ պողպատին։
Բջջանյութն ինքնին ավելի ամուր է, քան շատ մետաղներ կամ պոլիմերներ, սակայն փայտի մեջ դրա հատկությունները նվազում են լիգնինի և հեմիցելյուլոզայի առկայության պատճառով: Առաջին բաղադրիչը հեռացվում է քիմիական ճանապարհով, որից հետո նյութը սեղմվում է և ենթարկվում բարձր ջերմաստիճանի ազդեության։ Սա թույլ է տալիս գոլորշիացնել մնացորդային խոնավությունը, ինչը բջջանյութին տալիս է աներևակայելի ամրություն: Այնուամենայնիվ, այն դեռևս խոցելի է մնում ջրի նկատմամբ և կարող է նորից ուռչել, ուստի կարծրացումից հետո այն մշակվում է հանքային յուղով:
Ստացված նյութը փորձարկելու համար, գիտնականներն այդ նյութից պատրաստել են խոհանոցային դանակի շեղբ և մի քանի մեխ։ Պարզվեց, որ ստացված դանակը 23 անգամ ավելի ամուր է, քան իր փայտե համօրինակը և 3 անգամ ավելի երկար է պահպանում իր սրությունը, քան պողպատե շեղբով դանակը: Հանքային յուղով մշակման շնորհիվ այս դանակը կարելի է օգտագործել ցանկացած մթերք կտրելու համար և նույնիսկ լվանալ աման լվացող մեքենայի մեջ։ Ինչ վերաբերում է մեխերին, ապա դրանք նույնիսկ բազմակի օգտագործումից չեն բթանում, և ինչը շատ կարևոր է՝ նման մեխերը չեն վախենում ժանգից։
Ներկայումս կարծրացված փայտի արտադրությունն էներգաարդյունավետ չէ, սակայն ապագայում դա կարող է փոխվել: Եվ այդ ժամանակ հնարավոր կլինի շատ ավելի ցածր գնով փայտե սպասք և գործիքներ ստանալ պլաստմասի և պողպատի փոխարեն։






Թողնել մեկնաբանություն