Ապրիլի 24-26-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել Օզոնային շերտի պաշտպանության մասին Վիեննայի կոնվենցիայի կողմերի Օզոնային շերտի հետազոտության ղեկավարների տասներկուերորդ (ORM-12) հանդիպումը։
Eco.am սոցիալական հարթակը Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացավ, որ հանդիպմանը ORM-11-ի համանախագահների կողմից ներկայացվել է 2022 թվականի WMO/UNEP-ի Օզոնի քայքայման գիտական գնահատման կարևորագույն դրվագները։ Ներկայացվել է նաև «20 հարց ու պատասխան» օզոնային շերտի քայքայման վերաբերյալ 2022 թվականի թարմացված հրատարակությունը, որը Օզոնային շերտի քայքայման գիտական գնահատման 2022 թվականի հաշվետվությունն է:
Այն պատրաստվում է չորս տարին մեկ անգամ՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Գիտական գնահատման խմբի կողմից: Շարժառիթն է՝ պատմել օզոնային շերտի քայքայման, օզոնը քայքայող նյութերի և Մոնրեալի արձանագրության հաջողության մասին:
Աշխատաժողովին Հայաստանից մասնակցել է ՀՀ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի օդերևութաբանության ծառայության պետ Սոնա Հայրապետյանը։
Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն Ամբերդ օդերևութաբանական կայանում իրակացնում է օզոնոմետրիական դիտարկումներ։ Դիտարկումներն իրականացվում են սկսած 2000թ․-ից ՀՕԿ-ի աջակցությամբ Գերմանիայի եղանակի կանխատեսման ծառայության կողմից Հայաստանին հատկացված բարձրակարգ օզոնաչափիչ սարքավորումով՝ Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրով: Ստացված օզոնի ընդհանուր պարունակության մոնիթորինգի արդյունքները սահմանված կարգով, ամիսը մեկ անգամ ուղարկվում են Օզոնի և Ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։
Աշխատաժողովի ավարտին ձևավորվել է մեկ միասնական փաստաթուղթ՝ ORM-12-ի ցուցումներ, որին պետք է հետևեն արձանագրությունը ստորագրած բոլոր երկրները։
Ըստ ORM-12-ի ցուցումների դիտարկումները պետք է շարունակվեն, լինեն անընդհատ և ժամանակին: Ստուգաճշտված տվյալներն ըստ սահմանված կարգի` պետք է ուղարկվեն WMO-ի Օզոնային և Ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն, ինչպես և արվել է առ այսօր։
Դոբոսոն սպեկտրոֆոտոմետրի ստուգաճշտման ժամկետները նունպես անհրաժեշտ է պահպանել՝ հաշվի առնելով տվյալների կարևորությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թողնել մեկնաբանություն