Կայացել է «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» բանակցային կոմիտեի 3-րդ նիստը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%be%d5%a5%d6%80%d5%bb-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af-%d5%a1%d5%b2%d5%bf%d5%b8%d5%bf%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a4%d5%a5%d5%ba/

Նոյեմբերի 13-ից-19-ը Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի  3-րդ նիստը։

Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի /ՄԲԿ/  3-րդ նիստին։

Eco.am սոցիալական հարթակը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացավ, որ հանդիպման հիմնական  նպատակն է ապահովել 2022 թ․ մարտին ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ասամբլեայի կողմից ընդունված՝ «Վերջ պլաստիկ աղտոտմանը. դեպի միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք» 5/14 բանաձևի  իրագործման գործընթացը՝ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագծի քննարկման և լրամշկման միջոցով։

Նիստի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն են՝

1․ պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագծի հնարավոր նպատակների և կարգավորման շրջանակի ուրվագծումը (այդ թվում՝ պլաստիկ աղտոտման նվազեցում,  մարդու առողջության  և շրջակա միջավայրը պլաստիկ աղտոտման  անբարենպաստ հետևանքներից պաշտպանություն՝  պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլի ընթացքում),

2․ հիմնական պարտավորությունների տարբերակների քննարկում,

3 ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրման մեխանիզմների ուրվագծում,

4 հետազոտությունների և վերլուծությունների իրականացում և այլն։

Հայկական պատվիրակությունը  մասնակցել է նիստի օրակարգով նախատեսված քննարկումներին, մասնավորապես պատվիրակության կողմից կարևորվել և արտահայտվել են  հետևյալ տեսակետները․

1․  Գործընթացի շրջանակներում մշակված պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի զրոյական նախագիծը հանդիսանում է արդյունավետ բանակցություններ իրականացնելու  մեկնարկային կետ,

2․ Ապագա համաձայնագիրը/ԱՀ/ պետք է կանոնակարգի պլաստիկի կյանքի ամբողջ ցիկլը և պլաստիկ թափոնների կայուն կառավարումը,

3․ Անցումային տնտեսությամբ երկրները պետք է ունենան  ԱՀ  իրականացման, կարողությունների զարգացման և տեխնոլոգիաների փոխանցման համար ֆինանսական միջոցների հասանելություն,

4․ Կարևորվել է շրջակա միավայրի բոլոր բաղադրիչներում /ջուր, հող, կենսաբազմազանություն, օդ, էկոհամակարգեր/  գիտական և տեխնիկական նորարարությունների իրականացումը՝ ուղղված պլաստիկ աղտոտման կանխարգելմանը և նվազեցմանը,

5 ԱՀ նպատակների իրականացման համար նախընտրելի է նպատակային նոր բազմակողմ հիմնադրամի ստեղծումը,

6․ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (EPR) համակարգի դիտարկումը որպես ԱՀ   իրագործման հիմնական գործիք։

Որպես հանդիպման հիմնական արդյունք ակնկալվում է պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախնական տարբերակի մշակումը և հետագա աշխատանքների ուրվագծումը՝ 2024 թվականի ապրիլին կայանալիք ՄԲԿ 4-րդ նիստին ընդառաջ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել
  • Զամբյուղում դեռևս չի ավելացվել ապրանքներ։