Կայացավ «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովը

https://eco.am/%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d6%81%d5%a1%d5%be-%d5%bb%d5%a1%d5%b6%d6%84%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6-%d5%bd/

Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» EU4Sevan ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ իր տեսակի մեջ առաջին «Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովը։

Միջազգային համաժողովի նպատակն էր առանցքային շահառուների համար ստեղծել նախապայմաններ միմյանց պարտականությունների և իրականացված ու իրականացվող գործողությունների ավելի հստակ պատկերացման, հետազոտական, մոնիթորինգային և պլանավորման գործողությունների ուղղությամբ հնարավոր համատեղ լուծումների տարբերակների ուրվագծման և հետագայում ավելի սերտ համագործակցության համար։

Այս  համաժողովը  միավորել էր տարբեր  միջառարկայական հետազոտական   խմբերի շահառուների   և  մասնագետների, որոնց թվում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Շրջակա միջավայրի փոխնախարարներ Արամ Մեյմարյանը և Գայանե Գաբրիելյանը, Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, միջազգային փորձագետներ՝ Մարտին Շուլցը եւ Կարստեն Ռինկեն, Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնից, ԳՄՀԸ EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ինչպես նաեւ ՄԱԶԾ Կլիմայի, Շրջակա միջավայրի և Ճկունության ծրագրի, Ջրային կոմիտեի, «Սեւան» ազգային պարկի, «EU4Environment» ծրագրի, ՀԱՀ Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի, ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Գեղարքունիքի մարզի ՀԿ-ների ներկայացուցիչներ և շատ այլ որոշում կայացնողներ եւ ոլորտի առանցքային ներկայացուցիչներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարար Սիմիդյանը խոսեց ջրային ռեսուրսների պահպանության կարևորության մասին․

«Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է․ ջրի համար քաղաքական և տնտեսական պատերազմներ են մղվում աշխարհի մի շարք երկրներում,  և այն, ինչ կատարվում է ջրային ոլորտում ամբողջ աշխարհում, կարելի է անվանել՝ պայքար ջրի համար։ Ջուրը տարբերվում է բնական բոլոր ռեսուրսներից: Բնական պաշարներից շատերը, այդ թվում անգամ թանկարժեք համարվող նավթը, փոխարինելի է, իսկ ջուրը` ոչ: Այդ է պատճառը, որ այսօր աշխարհի բոլոր երկրները, կառավարությունները և մարդկությունը փորձում են միավորել ջանքերը հանուն ջրային ռեսուրսների պահպանության։ Բայց մենք պետք է միավորենք մեր ջանքերը ոչ միայն ջրային ռեսուրսների, այլև դրանց որակի պահպանության համար, չէ՞ որ էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են և մի շղթայի մաս․ որքան վատթար վիճակում է գտնվում շրջակա միջավայրը, այնքան աղտոտված են ջրային ռեսուրսները, և հակառակը»։

Այս համաժողովի ընթացքում գիտնականները, փորձագետները, ՀԿ-ների ներկայացուցիչները և որոշում կայացնողները ներկայացրեցին իրենց ծրագրերն ու աշխատանքը, և մինչ այժմ ձեռք բերված արդյունքները, քննարկեցին Սեւանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի և կառավարման հետ կապված խնդիրներն ու հնարավոր լուծումները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց. «Կան տարբեր հետազոտություններ, մշակված ծրագրեր և նախաձեռնություններ՝ կապված Սևանա լճի և նրա ջրբաժանի տարբեր կողմերի հետ։ Այս բոլոր նախագծերը, ինչպիսին EU4Sevan-ն է, ունեն ընդհանուր գաղափարներ՝ բարելավել լճերի էկոհամակարգի մասին գիտելիքները, հասկանալ բնությունը և կանխատեսել մարդածին գործունեության եւ կլիմայի փոփոխության ազդեցությունը լճի ջրբաժանում և փոխանցել այս տեղեկատվությունը շահագրգիռ կողմերին՝ գտնելու Սևանա լճի պաշտպանության լավագույն բնապահպանական ուղիները»:

Համաժողովը խթան կհանդիսանա գիտելիքի և տեղեկատվության համապարփակ փոխանակման, հաղորդակցության, իրազեկման բարձրացման, մասնակից   կազմակերպությունների   միջեւ համագործակցության  հաստատման  համար՝ համատեղ  իրականացվող  գործողությունների միջոցով համալիր  խնդիրների հասցեագրման և  այս  զգայուն  ու  ծառայություններ  մատուցող էկոհամակարգի   պահպանության   համար հիմնարար  առաջարկությունների  մշակման նպատակով։

Առաջին նիստը, որը վարում էր ՀՄԿ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը, անդրադարձավ հետազոտության և զարգացման հիմնական արդյունքներին և հիմնական աշխատանքներին:

Երկրորդ նիստը, որը վարում էր EU4Sevan-ի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանը, կարևորեց ՀՀ կառավարության գործունեությունը` ուղղված Սևանա լճի և նրա ջրբաժանի կառավարման բարելավմանը:

Եվ վերջին նիստը պանելային քննարկում էր՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգի հիմնական մարտահրավերներին, պաշտպանությանը և կայուն զարգացմանը, որը վարում էր ՀԱՀ, Ակոպյան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը:

«Սևանա լիճը կարևոր պատմամշակութային և տնտեսական արժեք ունի Հայաստանի համար, քանի որ այն խմելու ջրի, ոռոգման ջրի և հիդրոէներգիայի արտադրության աղբյուր է: Այն նաև հայ բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի։ Այնուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում ինտենսիվ եւ անկայուն օգտագործման պատճառով (օրինակ՝ սանիտարահիգիենիկ լուծումների անբավարար զարգացում, թունաքիմիկատների և պարարտանյութերի ինտենսիվ օգտագործում, ոռոգման համար ջրի չափից ավելի ջրառ), ջրի քանակն ու որակը զգալիորեն վատթարացել են: Լիճը բախվում է բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների, ինչպես նաև կրել է կենսաբազմազանության զգալի կորուստ: Լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը, ինչպես նաև դրա պահպանությունն ու կայուն օգտագործումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտում», – նշեց EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։

Համաժողովը ճանապարհ հարթեց տարբեր որոշումներ կայացնողների և հիմնական դերակատարների կողմից Սևանա լճի ավազանում գործողությունների ավելի լավ համակարգման համար՝ սիներգիա ստեղծելու և «անիվի հայտնագործումից» խուսափելու համար։ Քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի զեկույցում, որը կծառայի որպես տեղեկատվական աղբյուր հետագա քայլերի համար:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել