Ծառերի փոխարինումն իրականացվել է տարբեր վարչական շրջաններում, որպեսզի բնապահպանական լարվածություն չստեղծվի․Հ․Խուրշուդյան

https://eco.am/%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a5%d6%80%d5%ab-%d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%bf%d5%a1%d6%80/

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից գրեթե երկու շաբաթ է ընթանում են Երևան քաղաքի ծառերի փոխարինման գործընթացը։ ՀՈԱԿ-ի մեկնաբանմամբ փուլ առ փուլ տեղի է ունենում կենսունակության ավարտին մոտ, սնկային հիվանդություններով և վնասակար միջատներով վարակված, գեղազարդությունը կորցրած ծառերի, մասնավորապես՝ մանրատերև թեղիների՝ նոր խոշորածավալ բարձր գեղազարդ ծառերով փոխարինման աշխատանքներ:

Թեպետ փոխարինման գործընթացը բուռն ընդունվեց ու հանրության ընդվզմանն արժանացավ, բայց կանաչապատման ՀՈԱԿ-ի կողմից գործընթացն իրականացվում է։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թեղիներին փոխարինող ծառատեսակների վերաբերյալ ներկայացրել է Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Հասմիկ Խուրշուդյանի տեսակետը, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի երևանցիներ, ծառերի փոխարինման գործընթացի ժամանակ պարզ դարձավ, որ ձեզ հետաքրքրում են, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել փոխարինող ծառատեսակները և, եթե բնի կտրվածքը համեմատաբար առողջ է, ապա ինչո՞ւ է ծառը համարվում ծերացած եւ հատման ենթակա։ 

Թե՛ կանաչապատման, թե՛ անտառապատման մեջ բնականաբար իրականացվում են տնկման աշխատանքներ, որոնց ժամանակ կատարվում է տեսակների ընտրություն։ Այս գործողությունը տարերայնորեն կատարվող պրոցես չէ, այլ՝ գիտական, բազմաթիվ հետազոտությունների, հաճախ՝ վիզուալ դիտարկումների արդյունք։ Հավելեմ, որ առկա են մասնագիտական աղյուսակներ, որտեղ նշված է ծառաթփատեսակների ցանկը՝ տարբեր աճման պայմանների համար։ Երևանը նույնպես ունի ծառաթփատեսակների հեռանկարային ցանկ, որտեղ նշված են քաղաքում օգտագործվելու համար հեռանկարային տեսակները՝ կախված բնակլիմայական պայմաններից, քաղաքի գոտիականությունից և այլն։ Հաշվի առնելով կլիմայի անբարենպաստ փոփոխությունները՝ ցանկից հնարավորինս օգտագործվում են չորության և երաշտի նկատմամբ ավելի դիմացկուն տեսակները»,- պարզաբանում է Հ․ Խուրշուդյանն ու հավելում, որ բացի այս ամենից, ծառատեսակների ընտրության ժամանակ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի մասնագետներն առաջնորդվել են նաև վիզուալ դիտարկումների արդյունքներով։

«Ընտրված տեսակները՝ հուդայածառ, մետաքսածառ, օճառածառ, սոֆորա, գնդաձեւ սոսի, իրենց կենսաէկոլոգիական հատկանիշներով համապատասխանում են Երևանի կլիմային, ավելին՝ այդ բոլոր ծառերը տարիներով աճել են մայրաքաղաքում՝ ցուցաբերելով գերազանց աճ։  Ի դեպ, բոլոր նշված տեսակները, բացի իրենց հիմնական գործառույթներից՝ թթվածնով ապահովում, ածխաթթվի կլանում, ստվերի ապահովում և այլ կենսաբանական ֆունկցիաներ կատարելուց զատ արտակարգ դեկորատիվ են և վեգետացիայի տարբեր ժամանակահատվածներում երկարատև ծաղկում են։ Հարգելի քաղաքացիներ, դեկորատիվ ծառ չի նշանակում միայն զարդարանք այն օժտված է նաեւ ծառերին բնորոշ բոլոր ֆունկցիաներով»։

Անդրադառնալով այն հարցին, թե Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրին ինչո՞ւ է տնկվել մետաքսածառը, ներսի շարքում՝ օճառածառը, Խուրշուդյանը պարզաբանում է․ «Մետաքսածառը շատ լուսասեր է, սիրում է աճել համեմատաբար ազատ տարածքում, որպեսզի ամբողջ տերևային զանգվածը հնարավորություն ստանա կլանել բավարար քանակի լույս։ Ուստի առաջին շարքում այս ծառը տնկելն ավելի հարմար է։ Այսպիսով, ընտրված ծառերից բոլորը լուսասեր են, դիմանում են շոգին, ժամանակավոր երաշտին, միաժամանակ ցրտադիմացկուն են, պահանջկոտ չեն հողի նկատմամբ»։

Երևանցիների այն դիտարկմանը, թե հատված ծառերի շարքում եղել են ծառեր, որոնք առաջին հայացքից ունեին առողջ բնափայտ, ըստ Կենսաբանական գիտությունների թեկնածուի, բնափայտի առողջ լինելն անզեն աչքով որոշելը կոռեկտ չէ․ «Ծառը առողջ և կենսունակ համարվելու համար պետք է նախ՝ համապատասխանի հետևյալ չափորոշիչներին՝ տեսակին բնորոշ, առողջ արմատային համակարգ, առողջ բուն՝ առանց ուռուցքների, փչակների, տձևության, տեսակին բնորոշ սաղարթ, որը չպետք է լինի ծռմռված կամ դրոշականման, սաղարթը պետք է ունենա առողջ տերևային զանգված և բարվոք սանիտարական վիճակ։ Ավելին՝ հատվող ծառերը գերհասուն են։ Դրանք սովորաբար չեն կարող համապատասխանել նշված հատկանիշներին, կորցնում են իրենց արտաքին տեսքը, իմունիտետը՝ արդյունքում վարակվելով վնասատուներով և այլ հարուցիչներով՝ երիտասարդ ծառերի համար դառնում են վարակի աղբյուր և վթարավտանգ՝ քաղաքացիների համար։ Նշեմ նաև, որ ծառերի փոխարինումն իրականացվել է տարբեր վարչական շրջաններում, որպեսզի քաղաքի նույն հատվածից չհեռացվեն մեծ զանգվածով ծառեր եւ չստեղծվի բնապահպանական լարվածություն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Չի՛ կարելի այս ձևով իրականացնել ծառերի փոխարինման աշխատանքները»․ Ք․ Վարդանյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով