«Խոշոր պլանում՝ թռչունները»․ Հայաստանում կայացել է Վիվեկ Մենոնի ցուցահանդեսը

https://eco.am/%d5%ad%d5%b8%d5%b7%d5%b8%d6%80-%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%a9%d5%bc%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8%e2%80%a4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf/

Հայաստանում կայացել է բնության պահպանության ոլորտի ամենաակնառու ներկայացուցիչներից մեկի՝ Վիվեկ Մենոնի «Խոշոր պլանում՝ թռչունները» ցուցահանդեսի բացումը։ Վերջինս նաև բնապահպանական նշանակալի ձեռքբերումների համար միջազգային մի շարք մրցանակներ է ստացել, մի քանի գրքի հեղինակ է, ԲՊՄՄ տարածաշրջանային խորհրդատու, ինչպես նաև՝ Wildlife Trust of India բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրենը:
Ցուցահանդեսի բացման օրը՝ հոկտեմբերի 16-ին Վիվեկ Մենոնը դարձավ նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (FPWC) սահմանված «Կանաչ մարտիկ» մրցանակի առաջին դափնեկիրը:
Ցուցահանդեսը վտանգված թռչունների լուսանկարների ընտրանի է, որը կազմվել է հեղինակի շուրջ 100 երկրներում արված հազարավոր լուսանկարներից: Միջոցառմանը ներկա է գտնվել և շնորհավորական խոսք է ասել նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհան։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում տեղի է ունեցել (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպումը։ Վիվեկ Մենոնը ևս համաժողովի մասնակից է։ Համաժողովի ընթացքում քննարկվել տարածաշրջանին և աշխարհին վերաբերող մի շարք կարևորագույն թեմաներ, ինչպես, օրինակ՝ երիտասարդներին հետաքրքրելու և նրանց ներգրավման վերաբերյալ։ Մասնակիցներն առաջին աղբյուրից լսել IUCN դերի և գործառույթների, օգտագործվող գործիքների և ամենակարևորը՝ կենսաբազմազանության պահպանության խնդիրների մասին, որոնց բախվում են բոլորը և մշտապես։
ԲՊՄՄ մասին. դեռևս 1948թ․-ին հիմնադրված ԲՊՄՄ նպատակներից մեկն է մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների մասին բարձրաձայնելը և լուծումներ առաջադրելը։ Կազմակերպությունը հեղինակել և կազմել է IUCN-ի վտանգված տեսակների Կարմիր ցուցակը (IUCN Red List of Threatened Species), որի միջոցով գնահատվում և կենդանատեսակների համար համապատասխան կարգավիճակ է սահմանում ամբողջ աշխարհի մասշտաբով։ Կազմակերպությունը դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ ԲՊՄՄը կարևոր դեր է խաղում բնության և կենսաբազմազանության պահպանման մի շարք միջազգային կոնվենցիաների իրականություն դառնալու գործում, բացի այդ՝ մասնակցել է բնության համաշխարհային ֆոնդի և պահպանության համաշխարհային մոնիտորինգի կենտրոնի ստեղծմանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով