«Խնդիրը մտահոգիչ է, ոլորտը՝ բարձիթողի վիճակում»․ ՀՀ տարածքում գոյություն ունի ձիու մորթ

https://eco.am/%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%a8-%d5%b4%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d5%a3%d5%ab%d5%b9-%d5%a7-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%a8%d5%9d-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d5%ab%d5%a9%d5%b8%d5%b2%d5%ab/

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, որը զեկուցում էր նախագիծը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկած փոփոխություններն ու լրացումները թույլ կտա կարգավորել ոլորտի բարձիթողի վիճակը։ Մարտիրոսյանի պնդմամբ․ «Կարգավորումից հետո գնորդը կարող է իմանալ, թե որ սպանդանոցում է մորթված եղել կենդանին, հետգիծը երևալու է»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի փոխանցմամբ ՀՀ տարածքում գոյություն ունի ձիու մորթ․ «Ոչ մի տեղ չի երևում, թե որտեղ է ձին մորթվել և հայտնվել շուկայում: Սակայն, դա ո՛չ սպանդանոցներում ենք տեսնում, ո՛չ էլ որևէ տեղ, բայց ժամանակ առ ժամանակ թե՛ մսի վաճառքի կետերում, թե՛ տարբեր արտադրամասերում ահազանգեր ենք ստանում, որ ձիու միս է առկա»,-ասաց Դանիելյանն ու պնդեց․ «Խնդիրը մտահոգիչ է, ոլորտը՝ բարձիթողի վիճակում»:

Պատգամավորին ի պատասխան Պետրոս Մարտիրոսյանը հայտնեց, որ տեսչական մարմինը գնում է այդ ահազանգերի հետևից և նմուշառում անելուց հետո հստակ ընթացակարգով առաջ են շարժվում․ «Առաջարկվող նախագծի փաթեթը միտված է սպանդանոցային մորթով շուկա մտնելիք մսին: Այսինքը՝ եթե որևէ մեկն իր ձին մորթել և բերել է շուկա, ուզում է վաճառել՝ չենք էլ քննարկում, մենք այն առգրավում ենք ու չենք էլ պարզում թե արդյոք այն ձի է, թե այլ կենդանի»։

Մարտիրոսյանի խոսքին արձագանքելով պատգամավոր Գ․ Դանիելյանը ասաց, որ ինքն անձամբ է բազմիցս դիմել իրավասու մարմիններին, սակայն բավարար պատասխան չի ստացել․ «Այս հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձվի, որովհետև, իմ տեղեկություններով, ձիու այդ մորթը տեղի է ունենում, որևէ մեկը չի կարող այդ փաստը ժխտել: Խնդիրն այն է, թե որտեղ են մորթում ձիերին, այդ միսն ինչ է արվում: Սա պետք է քննարկվի ու հասկանանք»,- եզրափակեց  Գառնիկ Դանիելյանը:

Նիստի ընթացքում Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը որպես տեղեկություն հայտնեց, որ Հայաստանում այս պահին կա շուրջ 100 սպանդանոց, որից միայն 50-60-նն է գործում։ Պատգամավորներն արձագանքեցին․ «Ուրեմն հարկավոր է բավարար քանակի սպանդանոց և անասնապահներին ստիպել, որ մարթը կատարեն միայն սպանդանոցներում»։

Eco.am

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով