Շաբաթներ առաջ բնապահպանները ահազանգեցին՝ «Սևան ազգային պարկում ծառերն առանց թուլացման նշանների չորանում են։ Օրեր անց՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թեմայի շուրջ հրավիրեց հրատապ քննարկման, որի ժամանակ մասնագետները զեկուցեցին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում հիվանդությամբ վարակված սոճու ավելի քան 8000 ծառ ամբողջությամբ չորացել է, ևս 10.000-ը չորացման սպառնալիքի տակ է։ Մինչ համապատասխան գերատեսչություններում քննարկումներ են գնում, հիվանդությունը տարածվում է մեծ արագությամբ և արդյունքում արդեն հիվանդությունը հայտնաբերվել է նաև ՀՀ –ի այլ անտառներում։
«Իրավիճակը խնդրահարույց է և առնչվում է էկոլոգիական, տնտեսական սոցիալական հարցերին։ Ասեմ, որ արդեն Սիսիանում էլ այդպիսի խնդիր կա և նման նշաններ են նկատվում։ Առաջինը հարված են ստանում այն ծառերը, որոնք թուլացած են։ Իրավիճակն իրոք լուրջ է, պետք է իրականացնել համալիր գործողությունների ծրագիր և շատ արագ արձագանքել, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն»,- այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն ասաց բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը։
Վարակված օջախներից, ծառերի բնափայտից ու հողից վերցված փորձանմուշներն ուսումնասիրվել են Գերմանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներում: Նախնական ուսումնասիրությունը փաստել է այդ տարածքում նեմատոդոզ հիվանդության առկայությունը: Եզրակացության մեջ այն նշված է որպես ամենավտանգավոր հիվանդություն, առանցքային վնասատուն նեմատոդն է, որը բզեզների միջոցով է տարածվում։
Ըստ փորձագետի, հեծանիվ հայտնաբերելու փոխարեն պետք է ներգրավվել նման խնդիրը հաղթահարած երկրների մասնագետներին․ «Նեմատոդային խնդրին բախվել են բազմաթիվ երկրներ՝ Ճապոնիա, Կորեա, Պորտուգալիա, եվրոպական այլ երկրներ։ Այնտեղ կարանտինային լուրջ միջոցառումներ են իրականացվել՝ իրավիճակը վերահսկելի դարձնելու և հետագա տարածումը կանխելու համար։ Անհրաժեշտ է ներգրավել այդ ճանապարհով անցած երկրների մասնագետներին և շատ արագ համալիր ծրագիր իրականացնել՝ կարանտինային միջոցառումներ, դաշտային ուսումնասիրություններ։ Անհրաժեշտ է խստությամբ վերահսկել ծառերի հատումների գործընթացը, դա պետք է կատարել գերզգույշ, որովհետև նույն այդ վարակված ծառի թեփը վարակիչ է»։

Անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը նույնպես պնդում է, որ իրավիճակը տագնապային է և անհրաժեշտ է հրատապ միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում կորուստները մեծ կլինեն։
«Այս խնդիրը շատ տարիներ առաջ է ի հայտ է եկել, պարզապես այդ ժամանակ հետազոտություններ արվեցին, հատվեցին ծառեր։ Բայց փայտային զանգվածը վարակի աղբուր է՝ սկսած թեփից, արմատաբնակ կոճղից։ Հետևաբար՝ հատումը պետք է չափազանց զգույշ արվեր։ Այնուհետև, 2017 թվականից խնդիրը սրվեց։ Այդ ժամանակ էլ հետազոտություններ կատարվեցին, որոնց ինքս էլ մասնակցել եմ, հայտնաբերվեցին նեմատոդներ։ Բայց պետք էր հավելյալ ուսումնասիրություն կատարվեր, ինչը չարվեց։ Հիմա բռնկման հետ գործ ունենք, ինչը կխորանա, եթե արագ գործի չանցնենք»,- նախազգուշացրեց անտառագետը և հավելեց․ «Եթե կորցնենք սոճուտները, ապա անտառպատվածության տոկոսը բավական կնվազի։ Ինչն էլ Հայաստանի համար աղետ կլինի»։
Eco.am






Թողնել մեկնաբանություն