Ինչ է թույլատրվում և արգելվում Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք մուտք գործելիս

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac%d5%a1%d5%bf%d6%80%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%b8%d6%80%d5%a1%d5%b7%d5%a5/

«Սևան» ազգային պարկի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք քաղաքացիների այցելության նոր կարգ է սահմանվել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարույունը, մուտքը թույլատրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավելագույնը 3 ժամով, ժամը 10:00-18:00-ն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից տրված անցագրերով և տեսուչների հսկողության ներքո։ Տարածք միաժամանակ կարող են մուտք գործել ոչ ավել քան 30 անձ։

Արգելոցի և արգելավայրի տարածքում ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է`

1բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2. սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջությունը.

3. ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

4. տարածքի սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.

5. ժամանակավոր ծածկով, ոչ բետոնային հիմքով, մինչև 20 մ2 մակերեսով, առանց սեղանների հանգստի տաղավարների և դիտակետերի տեղադրումը ճանաչողական զբոսաշրջության երթուղիներում, առավելագույնը` 3 հատ.

6. կրթադաստիարակչական միջոցառումների անցկացումը.

7. Նորաշենի արգելոցի և արգելավայրի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունները:

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝

1. մուտքը թռչունների ձվադրավայրեր (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների).

2. թռչունների ձվերի հավաքը.

3. թռչուններին անհանգստացնելը աղմուկով և այլ անհանգստություն առաջացնող գործունեությամբ (ձայնային ազդանշաններ, կրակոցներ և այլն).

4. ճանաչողական զբոսաշրջության համար սահմանված երթուղիներից դուրս գտնվելը.

5. տարածքի աղտոտումը կենցաղային, արդյունաբերական և քիմիական թափոններով.

6. խարույկ վառելը և այլ հրդեհածին գործունեությունը.

7. արգելոցի սահմանային սյուների, տեղեկատվական նշանների, ցանկապատների և ցուցանակների վնասումը:

Արգելոցի և արգելավայրի ջրային տարածքում ԱՐԳԵԼՎՈՒՄ Է`

1. ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2. ձկնորսությունը, որսորդությունը, խեցգետնի և ջրային այլ կենդանիների որսը.

3. շարժիչավոր ջրային տրանսպորտային միջոցների մուտքը արգելոցի ջրային տարածք` ափից մինչև 300 մ հեռավորությամբ, բացառությամբ արգելոցի կամ արգելավայրի պահպանության համար անհրաժեշտ դեպքերի.

4. ջրային տարածքի աղտոտումը։

ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր այցելուի մուտքը սահմանել 1500 ՀՀ դրամ, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 3000 ՀՀ դրամ:

Գումարը կարող եք վճարել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին՝ 900018002890 կամ վճարել անցակետում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակցին և ստանալ ՀԴՄ կտրոն:

Այցելությունների արդյունքում գոյացած գումարներն ուղղվելու են արգելոցի և արգելավայրի պահպանությանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել