Հոկտեմբերի 29-ին Դիլիջանի միջազգային դպրոցում կայացել է «Կլիմայական ճգնաժամ. ինչպես կարող ենք նպաստել դրա հաղթահարմանը» թեմայով Երիտասարդների տեղական համաժողով։ LCOY-ը Դիլիջանի միջազգային դպրոցի հարկի տակ էր համախմբել 80-ից ավելի պատանիների ու երիտասարդների, որոնցից 65-ը՝ ավագ դպրոցների աշակերտներ: «The Good Investors» մասնավոր դոնոր կազմակերպության աջակցությամբ կազմակերպված համաժողովը թիրախավորել էր Հայաստանում կլիմայի փոփոխության հիմնախնդիրները՝ երիտասարդներին բնապահպանական շարժման ակտիվ մասնակցության գիտելիքներ փոխանցելու նպատակով:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը երիտասարդական համաժողովին անդրադարձել է «Կլիմայի փոփոխության քաղաքականությունը Հայաստանում» թեմային, ՄԱԶԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում ներկայացնելով՝
1․ կլիմայի փոփոխության պատճառները,
2․գլոբալ և տեղական օրակարգերը,
3․Փարիզի համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մանրամասները,
4․Հարմարվողականության ազգային ծրագիրը ինչպես նաև բնապահպանական և կայուն զարգացման այլ մարտահրավերներ։
ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը երիտասարդական համաժողովին ներկայացրել է էներգաարդյունավետության և էներգախնայողության կարևորության մասին տվյալներ, ինչպես նաև էներգիա սպառող ամենախոշոր ոլորտներում՝ առանձնացնելով շենքերը։ Նա խոսել է Կլիմայի կանաչ հիմնադրամի՝ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման գործում դրա դերակատարման մասին՝ Հայաստանում հասարակական և բնակելի շենքերի ջերմաարդիականացման՝ Դիլիջան քաղաքի 11 բնակելի շենքերի օրինակով:
«Երիտասարդների տեղական համաժողովը լավ հնարավորություն էր ներկայացնելու ՄԱԶԾ-ի փորձը՝ Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող քաղաքականության և գործնական աշխատանքի վերաբերյալ»,- երիտասարդների հետ փոխգործակցությանն է անդրադարձել Հարությունյանը և հավելել․ «Ես նաև տեղեկացրել եմ համաժողովի մասնակիցներին Երևանում կառավարության գործընկերների հետ կազմակերպված ՄԱԿ-ի ԿՓՇԿ Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված աշխատաժողովի մասին»:
Հայաստանի Երիտասարդների տեղական համաժողովի մասնակիցները հայտարարություն են պատրաստել և ուղարկել Կողմերի 28-րդ համաժողովի (COP28) պատասխանատուներին:
Eco.am
Թողնել մեկնաբանություն