Էկոնորաձեւ համարվում է այն հագուստը, որը կրելիս հաշվի առնվում ոչ միայն այն, թե որքանով կշլացնի շրջակա միջավայրին, այլ նաեւ այդ հագուստը կրողի առողջությունն ու արտադրողի աշխատանքային պայմանները: Օրինակ, հումքը, ինչպիսին բամբակն է, պետք է աճեցված լինի՝ առանց քիմիկատների, իսկ հագուստը պետք է պատրաստված լինի՝ առանց քիմիական վտանգավոր նյութերի կիրառման (գունաներկեր, սպիտակեցնող նյութեր):
Այս առումով՝ օրգանական բամբակը շատ լավ էկոլոգիական տարբերակ է հումքի տեսանկյունից, սակայն այն բավականին մեծ քանակով ջուր է պահանջում եւ նպատակահարմար է ընտրել այլընտրանքային հումք: էկոմասնագետները գտել են նաեւ դրա ելքն՝ այն փոխարինելով կանեփով կամ կտավատով, որոնց մշակման համար շատ ավելի քիչ ջուր է անհրաժեշտ:
Ընդհանուր առմամբ՝ բնական մանրաթելերը, ինչպիսիք են մետաքսը, կտավատը, բուրդը եւ օրգանական բամբակը հանդիսանում են լավագույն էկոհումքը՝ նորաձեւ հագուստի համար:
Էկոլոգիապես մաքուր հագուստի նորաձեւության միտումներն օր օրի ավելի են աճում, որովհետեւ մարդիկ դառնում են առավել տեղեկացված եւ մտահոգ՝ բնապահպանական խնդիրներով: Չէ որ նաեւ էկոհագուստ ընտրելով՝ թեկուզ փոքրիկ, բայց սեփական ներդրումն ես ունենում մեր բոլորի ավելի մաքուր ապագայի համար: Այնպես որ, փորձենք լինել էկոնորաձեւ, որովհետեւ այն նաեւ օգտակար է առողջության համար:
Թողնել մեկնաբանություն