Ինչպես են Պոլիէթիլենային տոպրակները վնասում շրջակա միջավայրը․ արգելվող օրենքն արդեն ուժի մեջ է մտել

https://eco.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a5%d5%b6-%d5%ba%d5%b8%d5%ac%d5%ab%d5%a7%d5%a9%d5%ab%d5%ac%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%bf%d5%b8%d5%ba%d6%80%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

Նախորդ տարվա գարնանը ՀՀ Ազգային ժողովը ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարեց, ըստ որի, 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի։

Օրենքն արդեն ուժի մեջ է մտել և այն տնտեսավարողները, որոնք 2022թ. հունվարի 1-ից շարունակում են մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի, կենթարկվեն վարչական տույժի՝ 30 հազար դրամի չափով։

Մինչ տնտեսվարողները բարեխղճորեն կկատարեն օրենքի պահանջները, Eco.am սոցիալական հարթակը, իր ընթերցողներին իրազեկելու համար, կներկայացնի պոլիէթիլենային տոպրակների վնասը՝ շրջակա միջավայրի համար։

Ինչ հումքից են պատրաստված

Պոլիէթիլենային տոպրակները պատրաստվում են պոլիմերներից, որոնք չեն քայքայվում իրենց բնական միջավայրում, և մթնոլորտում այրվելիս դրանք արտանետում են թունավոր նյութեր: Առնվազն 400 տարի կպահանջվի պլաստիկ տոպրակի քայքայման համար:

Որ երկրներում են արգելված պոլիէթիլենային տոպրակները

Բնապահպանները ակտիվորեն դեմ են պլաստիկ տոպրակների օգտագործմանը: Այսօր շատ երկրներում պոլիէթիլենային արտադրանքի օգտագործումը սահմանափակ է, իսկ որոշ երկրներում՝ արգելված:  Պլաստիկ փաթեթների դեմ պայքարող երկրների շարքում են՝ Դանիան, Գերմանիան, Իռլանդիան, ԱՄՆ-ը, Տանզանիան, Ավստրալիան, Անգլիան, Լատվիան, Ֆինլանդիան, Չինաստանը, Իտալիան, Հնդկաստանը։

Ինչպես են վնասում շրջակա միջավայրը

Մասնագետներն ասում են, որ ջրի մակերեսի մոտ քառորդ մասը ծածկված է պլաստիկ տոպրակներով: Տարբեր տեսակի ձկներ, դելֆիններ, կետեր, կրիաներ և ծովային թռչուններ՝ սննդի համար պլաստիկ տոպրակները ուտում են, որի հետևանքով սատկում են՝ հոգեվարքի մեջ: Այս ամենն իհարկե հիմնականում տեղի է ունենում ջրի տակ՝ մարդկության աչքից հեռու, բայց դա չի նշանակում, որ խնդիրն առկա չէ, ու կարելի է դրա վրա աչք փակել:

Մեկ տարվա ընթացքում աշխարհում կուտակվում է առնվազն 4 տրիլիոն փաթեթ, և դրա պատճառով ամեն տարի մեռնում է կենդանի էակների հետևյալ քանակ.

Ա․ 1 միլիոն թռչուն,

Բ․ 100 հազար ծովային կենդանիներ,

Գ․ ձուկ՝ անթիվ:

Որքան էլ պլաստիկ տոպրակները մեծ պահանջարկ ունեն, մատչելի են ու հարմար են օգտագործման համար, այնուամենայնիվ, դրանք մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Ամեն անգամ պլաստիկ տոպրակ գնելիս յուրաքանչյուրս կանխամտածված վնասում ենք շրջակա միջավայրը։

Ժամանակն է հրաժարվել դրանցից, առավելևս երբ կան ավելի օգտակար այլընտրանքներ, որից ժամանակին օգտվել են մեր տատիկ-պապիկները, ովքեր գնումներ կատարել են էկո–տոպրակներով։ Նրանք երկար ժամանակ օգտագործել են հետևյալ ապրանքները.

1 Ցանկացած չափի թղթե տոպրակներ,

2 Հյուսված լարային պայուսակներ,

3․ Գործվածքների պայուսակներ:

Էկո տոպրակներ օգտագործելով յուրաքանչյուրս կօգնենք որպեսզի մեր մոլորակն ավելի մաքուր դառնա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել