Երևանի կենտրոնում հատված ծառերին փոխարինած սակուրաներն ու գնդաձև սոսիները ամիսներ շարունակ հանրության ու բնապահպանների թեժ քննարկման թեման էր։ Արդյունքում, շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան։
Eco.am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից տեղեկացավ, որ կազմակերպության նոր նախաձեռնության շնորհիվ հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի պատասխաններ պարբերաբար կտրվեն ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի կողմից։
Ինչո՞ւ է Սայաթ-Նովա պաղոտայում տնկվել գնդաև սոսի և արդյո՞ք դա վտանգավոր չէ համաճարակի դեպքում հարցին ի պատասխան Արմեն Բեգոյանը տվել է հետևյալ պարզաբանումը․ «Նախ՝ սոսին երկար տասնամյակներ աճում է Երևանում և հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ ամենակայուն տեսակներից է։ Ընտրվել է նաեւ այն պատճառով, որ Կոնսերվատորիայի հարակից մայթին արդեն աճում են սոսիներ, իսկ գրագետ կանաչապատման կանոններով պողոտայի գծային տնկարկները պետք է տեսակային առումով լինեն սիմետրիկ։ Ուստի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մայթին տրամաբանորեն պետք է տնկվեր նույն տեսակը»։
Ըստ Բեգոյանի, նախընտրությունը տրվել է գնդաձև սոսիներին, քանի որ այն ունենում է ոչ շատ բարձր հասակ, սակայն բավականին մեծ տրամագիծ՝ առաջացնելով ստվեր․ «Այն իր զանգվածով չի փակի նշված թատրոնի շենքը, որն իր գեղեցկությամբ անզուգական է և պետք է լինի տեսանելի ու գնահատելի։ Այս տրամաբանությամբ արդեն դիմացի մայթի երկրորդ շարքը նույնպես պետք է լիներ գնդաձև սոսի։ Դա է թելադրում գրագետ կանաչապատումը։ Ավելին՝ Կոնսերվատորիայի հարակից շենքը, որը նայում է Սայաթ-Նովա պողոտային, նույնպես ունի ճարտարապետական բարձր արժեք, և գնդաձև սոսին հետագայում մեծանալիս՝ չի փակի շենքի դիմային մասը, եւ տեսանելի կլինեն շենքի գեղեցիկ կամարները»։
Ինչ վերաբերում է միատարր տնկարկների բացասական կողմերին (հիվանդություններ, վնասատուներ, ասեղնատերեւավորների մոտ հրդեհավտանգություն), ապա Բեգոյանն ասում է, որ դա հաշվի է առնվում անտառային տնկարկների ստեղծման ժամանակ, որոնք սովորաբար զբաղեցնում են մեծ տարածքներ և կարող են լինել վտանգված․ «Սակայն դա չի վերաբերում գծային տնկարկներին, որոնք փողոցներում պարտավոր են լինել միատարր։ Տեսակը փոխվել կարող է միայն անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ խաչմերուկներից հետո (квартал), եթե պետք է ակցենտավորել ինչ-որ կառույց կամ վայր։ Այդպիսի մոտեցում կիրառվել է այս տարի՝ Երևանում, անտառբարելավման տնկարկներ ստեղծելիս՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, Եռաբլուր զինվորական պանթեոնում, Սարալանջում։ Այնպես որ, անհանգստությունը տեղին չէ»,– եզրափակում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Թողնել մեկնաբանություն