ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են։ Այդ մասին Eco.am սոցիալական հարթակը տեղեկացավ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ըստ որի ցանկացած աղիքային վարակ ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների միջոցով փոխանցվում է մթերթին, այնուհետև ուտելուց հետո անցնում օրգանիզմ։
Աշխարհի զարգացած երկրներում ևս ամեն տարի գրանցվող թունավորման դեպքերը հիմնականում պայմանավորված են մարդկային գործոնով՝
1․ խաչաձև աղտոտում,
2․ պահման պայմանների խախտում,
3․ լվացման և ախտահանման, ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների ոչ պատշաճ պահպանում և այլն։
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների՝ միկրոօրգանիզմներով աղտոտված սնունդ ուտելու հետևանքով տարեկան 600 միլիոն մարդ է հիվանդանում:
Թեև 2021-ի (18 տնտեսավարողի մոտ) համեմատ 2022 (7 տնտեսավարողի մոտ) թվականին Հայաստանում թունավորման դեպքերը պակասել են 2,5 անգամ (ինչը նաև Տեսչական մարմնի արդյունավետ վերահսկողության արդյունքն է), սակայն, որպեսզի խնդիրը կանխատեսելի և կառավարելի լինի, անհրաժեշտ է նաև սպառողների ուշադրությունն ու պատասխանատու վերաբերմունքը:
Թունավորումների վերլուծությամբ առանձնացվել է երկու ռիսկ.
1․ թունավորման դեպքերի մոտ 90 տոկոսն արձանագրվում է հանրային սննդի կետերում, որտեղ կատարված ստուգումներով հայտնաբերվել են հիմնականում սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ և աշխատակիցների նախնական և պարբերական բժշկական զննության անհամապատասխանություններ,
2․ թունավորումների 70 տոկոսի դեպքում օգտագործված սննդամթերքը եղել է հավի միսը:
Eco.am սոցիալական հարթակը նաև տեղեկացավ, որ տեսչական մարմինը մշակել և կիրառում է վերահսկողության գործիքներ՝ իր գործառույթների շրջանակում, սակայն հանրության զգոնությունը ազդեցիկ ու գործուն միջոց է սննդամթերքի անվտանգության ոլորտում թերացումները կանխելու և սննդային կամ խաչաձև աղտոտմամբ պայմանավորված թունավորումները նվազագույնի հասցնելու համար:
Թողնել մեկնաբանություն