Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը: Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների, որն առաջարկում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
1․ Շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով։
2․ Եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն, մթերքները թարմ պահելու համար, ապա՝ մի՛ տվեք երեխաներին այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են՝
– երշիկ,
– ապուխտ,
– միս, հավի միս,
– ճարպ,
– պանիր,
– հավկիթ։
3․ Խուսափե՛ք երեխաներին տալ․
– կաթնամթերք,
– ապխտած մթերք,
– ձու,
– կրեմային հրուշակեղեն,
– աղցաններ
Քանի որ թվարկած մթերքները նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար։
4․ Եղանակին շիկացած ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում։
5․ Մի՛ վերցրեք ձեզ հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում։
6․ Ստեղծե՛ք հաճախ լվացվելու և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն։
7․ Խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված։
8․ Կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործե՛ք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն)։
9․Ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով։
10․ Խորոված պատրաստելիս, անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում)։
11․ Օգտագործե՛ք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ։
12․ եթե այնուամենայնիվ ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:




Թողնել մեկնաբանություն