«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում հետևողական քայլեր են ձեռնարկվում Երևանում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման ու շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և ԿԿՀ ֆինանսավորմամբ։
Eco. am սոցիալական հարթակը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ծրագրի՝ ընթացիկ ու նախանշվող գործողություններին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով համատեղ աշխատանքին՝ Գևորգ Սիմոնյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է շարունակելու և ընդլայնելու գործակցության ծրագրերը, որոնք ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում մայրաքաղաքում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ:
Դրական գնահատելով ծրագրով արձանագրված ձեռքբերումները՝ ԿԿՀ ծրագրերի կառավարման բաժնի փոխտնօրեն Գարեթ Զահիր-Բիլը ընդգծել է, որ էներգաարդյունավետության բարձրացումն ու ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը ծրագրի գլխավոր նպատակներից են․«Հայաստան ենք այցելել՝ ծրագրի առաջընթացին ու առկա մարտահրավերներին ծանոթանալու համար, ակնկալում ենք նաև Երևանի իշխանությունների աջակցությունը դրանց հաղթահարման գործընթացում»,- հավելել է նա:
Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին կարևորել է երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն ունի ծրագրերի տարբեր փաթեթներ, որոնք ևս պատրաստ է քննարկել համայնքի հետ:
Կողմերը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը:
Թողնել մեկնաբանություն