Էկո տուրիզմ․ Թաքնված վայրեր Հայաստանում

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%bf%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%a6%d5%b4%e2%80%a4-%d5%a9%d5%a1%d6%84%d5%b6%d5%be%d5%a1%d5%ae-%d5%be%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6/

Հայաստանում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, որոնք հանրության շրջանում լայն ճանաչում չունեն, ինչի հետևանքով էլ մնացել են զբոսաշրջիկների ուղեցույցից դուրս։ Քանի որ այդ վայրերում զարգացած չէ տուրիզմը և չկան որևէ հարմարանքներ, պահպանվել է էկոլոգիապես մաքուր միջավայրը։

Եթե որոշել եք ձեր մոտակա հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում, ապա Eco. am սոցիալական հարթակը ձեզ համար առանձնացրել է մի քանի թաքնված, բայց էկոլոգիապես մաքուր տեսարժան վայրեր, որտեղ կարող եք այցելել ինչպես ընտանիքով, այնպես էլ ընկերներով։

«Սպիտակ ավազներ» կամ «whitesands»

Սպիտակ անապատը գտնվում է Արագածոտնի մարզում։ Այնտեղ ժամանելու համար նպատակահարմար կլինի երթևեկել ամենագնացով կամ ջիպով։

Մեծահասակներին տարածքը կարող է ծանոթ լինել Սերգեյ Փարաջանովի նկարահանված «Նռան գույնը» կինոնկարից, որտեղ կան տեսարաններ, որոնք  նկարահանվել են հենց «Սպիտակ անապատում»:

Մեր օրերում տարածքը ճանաչում է ստացել մի երիտասարդ էնտուզիաստի շնորհիվ։ 18-ամյա Ժակ Սրապյանը իր ծննդավայրում՝ Արագածոտնի մարզում հայտնաբերել է տարածքն ու նպատակահարմար է գտել «Sandboarding» մարզաձևը զարգացնելու համար։ Տղան, տարածքը ճանաչելի դարձնելու համար, իր ընկերների հետ մշակել է ծրագիր՝ համերգներ և փառատոններ կազմակերպել։ Վերոնշյալ մարզաձևի սիրահարներն այլևս ստիպված չեն լինի մեկնելու արտերկիր, քանի որ մեր հայրենի հողում էլ ունենք ոչ պակաս հարմարավետ և բարենպաստ կլիմայական պայմաններ։ Այնպես որ, մինչ նախագիծն ամբողջությամբ իրականություն կդառնա, եթե Sandboarding-ի համար ունեք հատուկ հարմարանքներ, կարող եք մեկնել Սպիտակ անապատ։

«Զվարթնոցի տաճար»

Զվարթնոցի տաճարը գտնվում է Արմավիրի մարզում՝ Վաղարշապատից 3 կմ․ հարավ-արևելք։ Մուտքը գտնվում է անմիջապես մայրուղու վրա և անգամ երթևեկելիս նկատելի է տաճարի կիսաավեր, բայց գրավիչ պարիսպները։ Նպատակահարմար է երթևեկել ցանկացած տեսակի տրանսպորտով։

Մայր տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի պատվերով՝ 641-661 թվականներին, այն վայրում, որտեղ միմյանց հանդիպել են Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այն օծվել է 652 թվականին։

Ասում են, որ եկեղեցին կառուցվել է Զվարթունների (հրեշտակների) երկնային զորքերի համար: Ցավոք, մինչ օրս մնացել են միայն տաճարի ավերակները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Զվարթնոցի տաճարում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, երաժշտական փառատոներ, ցուցահանդեսներ և այլն։

Բացի մեր դարավոր մշակութային ժառանգությանը ծանոթանալուց և բնությունը վայելելուց, Զվարթնոցի տաճարից հեռանալիս կարող եք ձեզ հետ բազմաթիվ լավ հիշողություններ տանել։

«Գութանասար»

Գութանասարը հանգած հրաբխային լեռնագագաթ է։ Այն գտնվում է Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Գեղամա լեռնաշղթայում Ֆանտան գյուղից 2,5-3 կմ հարավ իսկ Ջրաբեր գյուղից` 4 կմ հյուսիս-արևելք։

Նպատակահարմար է ճամփորդել ամենագնացով կամ ջիպով։ Թեպետ տարածքը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում Հայաստանի մյուս հանգած հրաբխային լեռնագագաթներից, բայց այնտեղ կա պահպանված մի հատված, որն առանձնահատուկ ուշադրություն է գրավում։ Ասես թե արհեստականորեն ստեղծված մի սև հատված, որն իրենից ներկայացնում է հանգած լավայի կուտակում։

Քանի որ վերոնշյալ տարածք հասնելն այդքան էլ հեշտ չէ, այն կգրավի արշավների սիրահարներին, տեսարժան վայրեր փնտրող նկարիչներին, այն մարդկանց, որոնք հետաքրքրվում են հրաբուխներով։ Չնայած, այն կարող է նաև հրաշալի վայր հանդիսանալ՝ բնության գրկում հանգստի սիրահարների համար։

«Հին խոտ»

Գյուղը գտնվում է Սյունիքի մարզում, Գորիսից 8 կմ հարավ, Որոտան գետի ձախ կողմում։ Նպատակահարմար է ճամփորդել ամենագնացով կամ ջիպով։ Գյուղ հասնելուն պես անհրաժեշտ է ոտքով շարունակել ճանապարհը, քանի որ մեքենայի համար նախատեսված ճանապարհներ չկան։

Նույն անվան տակ այն ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտել է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, իսկ 2015 թվականից՝ Տաթև համայնքի մաս է դարձել։ Մոտ 50 տարի առաջ, ջրի պակասով պայմանավորված, գյուղաբնակները տեղափոխվել են նոր գյուղ։

Եթե հետաքրքրված եք գյուղական կյանքի առօրյայով, ապա կարող եք այցելել Հին խոտ, քանի որ այնտեղ պահպանվել են բազմաթիվ կիսաքարանձավային տների, գյուղի հին եկեղեցու, ջրաղացի, դպրոցի ավերակները։ Տեղաբնակները գյուղն անվանում են Հայկական Մաչու Պիկչու, ասել է թե թաքնված սարերի մեջ և իսկապես կա որոշակի նմանություն, որը կարող եք համոզվել՝ սեփական աչքերով տեսնելուց հետ։

«Քարերի սիմֆինիա»

Քարերի սիմֆոնիան գտնվում է Կոտայքի մարզում՝ Ազատի կիրճում, որը ձգվում է Ազատ գետի և Գողթի երկայնքով։ Նախատեսված է երթևեկել ցանկացած տեսակի տրանսպորտով: Այն աչքի է ընկնում իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով։ Այն կազմված է կանոնավոր վեցանկյուն գլաններից, որոնք էլ ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ։ Նման եզակի վայրեր իհարկե կան աշխարհում, որոնցից մեկն էլ գտնվում է Հայաստանում։

Իհարկե, բնությունն անթերի է, բայց օրինակ Քարերի սիմֆոնիայի դեպքում գիտնականները չեն կարողանում գտնել գաղտնիքը, թե ինչպես կարող է կանոնավոր երկրաչափական մարմիններ ձևավորվել՝ առանց մարդու միջամտության։

Բնության կողմից ինքնաշեն այս վայր այցելելիս, բացի Քարերի սիմֆոնիան սեփական աչքերով տեսնելուց, կարող եք օրինակ ընտանեկան մեկօրյա ժամանցն  անցկացնել մոտակա տարածքում և կանգ առնել Ազատի գետի ափին։

«Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի» (Ամրակից)

Այն գտնվում է Լոռու մարզի Ամրակից գյուղի կենտրոնական փողոցներից մեկի միջակայքում։ Նախատեսված է երթևեկել ամենագնացով կամ ջիպով։

Եկեղեցին կառուցվել է 1848 թվականին ուկրաինացի կազակների կողմից հիմնված Նիկոլաևկա գյուղի ռուս-ուղղափառների համար։ 1910-1914 թվականներին վերակառուցվել է՝ ստանալով այժմյան տեսքը և գործել է մինչև 1988 թվականը։ 2009 թվականին եկեղեցում գտնվող սրբապատկերները տեղափոխվել են Գյումրու ռուսական եկեղեցի։ Այժմ այն պատկանում է Եկատինոգրադի Կուբանի թեմին։ Եկեղեցին լուռ վկան է երբեմնի այստեղ հաստատված կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։ Չնայած, Սպիտակի երկրաշարժից հետո այն բազմաթիվ վնասվացքներ է ստացել, բայց կանգուն է մնացել և օգտագործման ենթակա չէ։ Եկեղեցի այցելելիս կարող եք մոտիկից ծանոթանալ նրա ճարտարապետության և Լոռու բնության հետ:

«Արամյանցի դղյակ»

Դղյակը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքից Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում։ Նախատեսված է երթևեկել ցանկացած տեսակի տրանսպորտով։

Միքայել Արամյանցը 20-րդ դարի հայտնի հայ ձեռներեց, նավթագործ, բարերար և հասարակական գործիչ է եղել: Շվեյցարիայում ճանապարհորդելիս Արամյանցը տեսել է մի շատ գեղեցիկ ամրոց, որն այնքան է հավանել, որ վերադառնալով Թբիլիսի՝ ուղարկել է հայտնի ճարտարապետ Բզողլուին, որպեսզի նա զննի այն և վերստեղծի Ախթալայում կառուցված նմանատիպ հատակագիծը։ Հայաստանում առաջին թենիսի կորտը հենց այս դղյակում է կառուցվել։ Արամյանցը հանդիպումներ ու քննարկումներ էր կազմակերպում Հայաստանի բազմաթիվ ականավոր գործիչների՝ Խրիմյան Հայրիկի, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի և այլնի հետ։

Ցավոք, այսօր դղյակը վթարային է համարվում և այցելելիս կարող եք միայն դրսից զմայլվել նրա ճարտարապետության հետ։ Հարակից տարածքներում չկան կանգ առնելու համար նախատեսված վայրեր, ուստի, խորհորդ է տրվում, վերոնշյալ վայլ մեկնելիս ձեզ հետ վերցնել սնունդ և ըմպելիքներ։

Ի դեպ

Ներկայացրած վայրերում, տարրական պայմանների բացակայության պատճառով, խորհուրդ է տրվում ճանապարհորդության մեկնելիս ձեզ հետ վերցնել առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ և ըմպելիքներ։ Վերոնշյալ վայրերում նախատեսված է ընկերների կամ ընտանիքի անդամնեդի հետ հանգիստը բնության գրկում անցկացնելու, զբոսնելու, տեսարժան վայրերի, ինչու ոչ նաև հին հայկական եկեղեցիների, տաճարների ավերակների հետ ծանոթանալու նպատակով։

Հիշեցնենք

Էկո տուրիզմը ոչ միայն էկոլոգիապես մաքուր վայրեր այցելելն է, այլև նրանց սկզբնական տեսքը պահպանելը և շրջակա միջավայրը չաղտոտելն է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով