Էկո հագուստ․ ինքնության տարազ

https://eco.am/%d5%a7%d5%af%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%e2%80%a4-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%a6/

Հունիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը Կառավարության թիվ 2 շենքում (Արտաքին գործերի նախարարության նախկին շենք) ընթանում է  «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Տարազային համալիրները Հայաստանի պատմության թանգարանի շուրջ 400 հազար տարբեր տեսակի հավաքածուների մի մասն են։ Ժամանակավոր ցուցահանդեսի ընթացքում հանրությանն են ներկայացվել 140-ից ավելի տարազի համադրված համալիրներ, առանձին տարրեր, որոնց առաջին անգամ կցվել են բնօրինակ արխիվային լուսանկարներ: Ցուցադրված են նաեւ այնպիսի ցուցանմուշներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում։

Eco.am-ը ներկայացնում է ցուցահանդեսում ներկայացված Կիլիկիայի վերնազգեստը (խրխա):

Զգեստը դարչնագույն մետաքսից է, աստառը՝ վարդագույն: Եզրերը, օձիքը, թևքաբերանները, թևատակերը և քղանցքը ասեղնագործված են մետաքսե գունավոր թելերով և արծաթաթելով:

Զգեստի օձիքի ետևի կողմից թվականն է՝ ՌՆԿԵ 1465: Հիմնական արձանագրությունը գրված է ծաղկազարդ շրջանակների մեջ և կրկնվում է թևքերին, եզրերին, մեջքին: Այն խրատական բնույթ է կրում՝ «Յիշեա զվախճան քո և յաւիտեան ոչ մեղանչեսցես»:

Ցուցահանդեսին յուրահատկություն են հաղորդում հատկապես տղամարդկանց եւ երեխաների տարազները, հագուստներն առանձնանում են նաեւ ըստ սոցիալական խավերի եւ ըստ տարածաշրջանների՝ Արեւմտյան Հայաստան, Արեւելյան Հայաստան, որի խորհրդանիշը Շուշին է՝ իր ավանդական տարազային համալիրով։

Առանձին ցուցափեղկերով ներկայացված են նաեւ զարդեր, զենքեր եւ գոտիներ, գլխի հարդարանք եւ այլ ավանդական տարրեր։ Այս ամենը համադրված է լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ են ցուցադրվում։

«Ցուցահանդեսում այցելուն կտեսնի, թե ինչպես է ավանդական տարազը վերածվում ինքնության խորհրդանիշի։ Տարազով լուսանկարվելը ինքնության մի հետաքրքիր եղանակ է, որը մինչև այսօր պահպանվել է»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Ի դեպ, ցուցադրված տարազները ժամանակ առ ժամանակ փոփոխվելու են, նախատեսվում են նաեւ կրթական ծրագրեր, շաբաթական դասախոսություններ, քննարկումներ, ինտերակտիվ միջոցառումներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զամբյուղ Հեռացվեց հետ բերել