Օրերս Հայաստանի բնության պետական թանգարանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպել էր բնապահպանական խաղերի միջոցառում։ Խաղ-ներկայացման նպատակն էր, բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում մասնակից 8-15 տարեկան երեխաների իրազեկվածությունն ու ներգրավվածությունը բարձրացնելը։ Ինչպես նաև՝ հանրահռչակել հասարակական տարբեր կազմակերպությունների և անհատների կողմից մշակված և ստեղծված բնապահպանական խաղերը, և խոսել դրանց մասին, որպես շրջակա միջավայրի ոլորտում առկա խնդիրների լուծման ևս մեկ ճանապարհ։
Նախքան միջոցառման օրակարգային հատվածին անցնելը, ելույթներով հանդես են եկել թանգարանի տնօրենը և նախարարության ներկայացուցիչները, ովքեր ողջունելով միջոցառման մասնակիցներին, ևս մեկ անգամ անդրադարձել են հանրապետությունում էկոլոգիական կրթության և բնապահպանական գիտելիքների մակարդակի բարձրացման հիմնախնդիրներին և ներկայացրել նախարարության կողմից այդ համատեքստում տարվող աշխատանքները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են մի շարք բնապահպանական խաղեր։
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության նախագահ-համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը և կազմակերպության անդամ Քրիստինե Աթայանը ներկայացրել են «Բնությունամանիա» խաղը։
Այս խաղը նպատակ ունի փոքրերի և մեծերի շրջանում տարածել ավելի կանաչ ապրելակերպ և հնարավորություն տալ ծանոթանալու Հայաստանում և աշխարհում առկա բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին։
Հայաստանից COP 27-ին մասնակցած երկու երիտասարդ պատվիրակներ Նարեկ Օհանյանը և Երազիկ Հովհեյանը ներկայացրել են «Կլիմապոլիս» սեղանի խաղը, որի միջոցով մասնակիցներն իրազեկվում են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման հնարավորություններին:
Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Մարի Չաքրյանը ներկայացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող ECOserve ծրագրի շրջանակում «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ մշակած «Էներգապոլիա» բնապահպանական, կրթական սեղանի խաղը, որի նպատակն է մասնակիցներին սովորեցնել ճիշտ կառավարել բնական ռեսուրսները և դրսևորել էներգախնայող վարք։
«Շրջակա միջավայր և առողջություն» հասարակական կազմակերպության տնօրեն Լիաննա Մարգարյանը ներկայացրել է «ԷկոՇուտ-Հասիկ» խաղը, որն օգնում է երիտասարդներին իմանալ բնապահպանական խնդիների մասին և ձեռնարկել քայլեր՝ պահպանելու Երկիր մոլորակը։
Միջոցառումն ավարտվել է Շրջակա միջավայրի նախարարության «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի ներկայացուցիչների կողմից կազմակերպված ինտերակտիվ խաղ-վիկտորինայով, որի ընթացքում խաղի առավել ակտիվ մասնակիցներին կազմակերպությունների կողմից նվիրվել են ներկայացված խաղերի օրինակներ։
Միջոցառման մասնակից երեխաների համար նաև շրջայց է կազմակերպվել Բնության թանգարանում։
Թողնել մեկնաբանություն