Հայ Աառաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կամ՝ Սուրբ Զատիկն այս տարի կտոնի ապրիլի 17-ին։ Այդ օրն այս տարի առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»՝ Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում։
Փառատոնի ընթացքում կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ:
Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։
Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:
«Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքում ինտեգրելու համար:





Թողնել մեկնաբանություն