Երեխային հեռու պահեք սմարթֆոններից․Կինեզիթերապևտ

https://eco.am/%d5%a5%d6%80%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a5%d6%84-%d5%bd%d5%b4%d5%a1%d6%80%d5%a9%d6%86%d5%b8%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81%e2%80%a4/

Մեր շրջապատում բացարձակ մեծամասնություն են կազմում այն ծնողները, որոնք երեխայի չարաճճիությունից գլուխն ազատելու նպատակով տալիս են նրան սմարթֆոն կամ որևէ այլ գադջեթ, և երեխան ժամերով մուլտֆիլմ է դիտում կամ խաղեր է խաղաղում։ Այդ քայլին գնալով, նրանցից ոչ բոլորն են գիտակցում անդառնալի հետևանքների մասին։

Կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանն Eco.am-ի հետ զրույցում անդրադառնալով ժամանակակից վատ սովորությանը՝ նախազգուշացնում է, որ ծնողների այդ անտարբերությունը կարող է երեխայի առողջության վրա վատ հետևանքներ ունենալ։

«Ամեն անգամ, երբ ծնողները երեխաների հետ գալիս են գանգատներով, միանգամից հետաքրքրվում եմ, թե երեխան, որքան ժամանակ է նստում համակարգչի առաջ, կամ որքան է սմարթֆոնով զբաղվում։ Եվ, ամենակարևորը, ընդհանրապես երկա՞ր է  նստած մնում նույն դիրքում։ Պատկերացրեք, որ 90 տոկոս և ավել դեպքերում դրական պատասխան են տալիս։ Այսինքն, ծնողը նախընտրում է երեք կամ չորս տարեկան երեխային «շեղելու» նպատակով սմարթֆոն կամ որևէ այլ գադջեթ տալ՝ մուլտֆիլմ դիտելու կամ խաղ խաղալու համար, որպեսզի հանգիստ իր գործերով զբաղվի։ Արդյունքում, նրանք անտեսում են, որ երեխան ժամերով կարող է կիսապառկած, կամ միևնույն դիրքում սմարթֆոնով զբաղվել, չմտածելով որ այդպես իրենց երեխայի առողջությունն են վնասում, ինչն էլ հետագայում բերում է առողջական լուրջ խնդիրների»,- ասում է բժիշկն ու ծնողներին խորհուրդ տալիս, որպեսզի սահմանափակեն սմարթֆոնով կամ որևէ այլ գադջեթով զբաղվելու ժամանակը։

«Հաշվի առնելով այսօրվա առցանց դասապատրաստումները, դպրոցահասակ երեխային, եթե չեն կարողանում զրկել, գոնե հատուկ ժամ սահմանեն, կամ՝ թեկուզ ժամանակի ճիշտ բաշխում կատարեն, որպեսզի քիչ նստեն համակարգչի առաջ։

Ի դեպ, մի կարևոր հանգամանք ևս, ծնողները պետք է հետևողական լինեն, որ համակարգչի առաջ երեխան նստի ուղիղ դիրքով»,- կարևորում է կինեզիթերապևտը։

Ըստ նրա, երբեմն, այն ոչ միայն վնասում է առողջությունը, այլ նաև կախվածության մեջ է գցում երեխային․ «Լինում են դեպքեր, երբ սմարթֆոնը կամ որևէ այլ գադջեթը երեխայի մոտ կախվածություն է առաջացնում, և, երբ ծնողը փորձում է ձեռքից վերցնել այն, նրա մոտ հիստերիայի նոպաներ են սկսվում, և ծնողը ստիպված է վերադարձնել սարքը՝ երեխայի ձայնը կտրելու համար»։

Բժշկի դիտարկմամբ, մանկական սկոլիոզ (ողնաշարի ծռություն) հիվանդությունը երիտասարդացել է․  «Երեխաների օրգանիզմը գտնվում է բուռն աճման շրջանում, դրա համար սմարթֆոնով կիսապառկած կամ անշարժ նստած երեխայի առողջության վրա վատ է անդրադառնում։  Եվ, պետք է փաստեմ, արդեն երիտասարդացել է մանկական սկոլիոզ հիվանդությունը, որն առաջանում է 4-5 տարեկանից սկսված»,- ցավով արձանագրում է կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Ա․ Նալբանդյանն ու թվարկում արդյունքում ձեռք բերած հիվանդությունները․ «Հիմնականում ձեռք են բերում ողնաշարի մկանային թուլություն, կիֆոզ, հիպերկիֆոզ և այլն»։

Բժիշկը նկատում է, որ ծնողի համար դժվար է, բայց, եթե ուզում ենք, որ հետագայում ունենանք առողջ սերունդ, մեր երեխաներն առողջ մեծանան, ուրեմն՝ միանշանակ  պետք է վերոնշյալ խնդիրներին մատների արանքով չնայենք։

 

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով