Արհեստական բանականության և ռոբոտների կողմից կառավարվող 0,8 հա տարածքով ուղղահայաց ֆերման իր արդյունավետությամբ գերազանցում է 291 հա տարածք ունեցող դասական՝ հարթավայրային ֆերմային։ Նման հայտարարություն է արել Plenty ստարտափի համահիմնադիր և ավագ գիտաշխատող Նեյթ Սթորին։
Plenty-ին Սան Ֆրանցիսկոյում տեղակայված գյուղատնտեսական ստարտափ է, որի նպատակը գյուղատնտեսության վերաիմաստավորումն ու վերափոխումն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Ն․Սթորին համոզված է, որ ապագայում ֆերմաները տեղակայված կլինեն փակ ուղղահայաց տարածքներում, քանի որ նման պարագայում, մշակաբույսերը հասանելի կլինեն ողջ տարին մոլորակի ցանկացած վայրում։ Իսկ արհեստական բանականության և ռոբոտների օգնությամբ հնարավոր կլինի մշտապես բարելավել մրգերի և բանջարեղենի որակը։ Plenty-ի հիմնական աշխատանքներն այս ուղղություններով են տարվում։
Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում գյուղատնտեսական բարեփոխումների համար միլիարդավոր դոլարներ են հատկացվել։ Նոր ցանված սերմերի խնամքը բարելավելու համար արդեն իսկ օգտագործում են անօդաչու թռչող սարքեր և ռոբոտներ։ Սակայն դասական՝ հարթ կառուցվածք ունեցող ֆերմաները միևնույնն է չափազանց շատ ջուր և հող են օգտագործում։ Մինչդեռ ուղղահայաց ֆերմաները կարող են արտադրել նույն քանակությամբ մրգեր և բանջարեղեն, ինչքան և նրանցից 360 անգամ ավելի մեծ հարթ ֆերմաները։ Plenty-ի տեխնոլոգիաներն արդեն իսկ թույլ են տալիս 95%-ով քիչ ջուր և 99% -ով քիչ հող օգտագործել։
Plenty -ին իրենից ներկայացնում է կառավարվող կլիմայով փակ տարածք, որի առաստաղից իջնում են մշակաբույսերի ուղղահայաց շարքեր։ Լուսավորությունն ապահովում են արևի ճառագայթները նմանակող LED լույսերով։ Բույսերի կյանքի բոլոր փոփոխականները՝ ջուր, լույս, ջերմություն և այլն, վերահսկվում են արհեստական բանականության կողմից, իսկ անհրաժեշտ տեղափոխություներն արվում են ռոբոտների կողմից։ Բացի այդ ԱԲ-ն անընդհատ սովորում է և փորձում հնարավորինս օպտիմալացնել բույսերի աճեցման գործընթացը՝ ավելի կարճ ժամանակում ավելի շատ բերք ստանալու համար։ Այստեղ բույսերն աճեցնում են առանց ԳՄՕ (գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) և թունաքիմիկատների։
Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ֆերմայում օգտագործվում են 100% վերականգնվող էներգիայի աղբյուրներ, և նույնիսկ ջուրը բազմակի են օգտագործում՝ օդից հավաքելով գոլորշիացող ջրի կաթիլները։
Աղբյուրը՝ Ita.am
Թողնել մեկնաբանություն