Բնապահպանական խնդիրները Ռիմա Պիպոյանը վեր է հանել պարային ֆիլմերի միջոցով

https://eco.am/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bc%d5%ab%d5%b4%d5%a1-%d5%ba%d5%ab%d5%ba%d5%b8%d5%b5%d5%a1/

Հայաստանում ժամանակակից պարի հիմնադիրներից, բեմադրիչ խորեոգրաֆ Ռիմա Պիպոյանը, ժամանակի բնապահպանական խնդիրները վեր է հանել պարային կարճամետրաժ ֆիլմերի միջոցով։ Eco.am սոցիալական հարթակի հետ զրույցում Ռիմա Պիպոյանն ասաց, որ կարճամետրաժ ֆիլմերը պարային բնապահպանական միջազգային նախագծի մի մաս են կազմում։

«Environmental Dance»-ը նախագիծ է, որը միավորում է երկրի շուրջ տարբեր ազգերի, նրանց տեսլականը շրջակա միջավայրի մասին, տվյալ երկրի բնապահպանական խնդիրներից խոսելու՝ պարային լեզվով, շարժումով և կադրով փոխանցելու ու արտահայտելու տվյալ երկրում բնության մեջ արդի խնդիրների և վտանգների մասին։

– Ռիմա, ինչպե՞ս և ո՞ւմ կողմից ստացաք առաջարկը՝ «Environmental Dance» պարային-բնապահպանական միջազգային նախագծի կազմում ընդգրկվելու համար։

– Գերմանիայից նախագծին մասնկացելու հրավերը ստացել եմ 2023-ի փետրվարին՝ նախագծի գործադիր տնօրեն, խորեոգրաֆ Քրիստով Վինկլերի հրավերով։ Նա ինձ փնտրել ու գտել էր համացանցում՝ պարզապես գրելով․ «Մերօրյա մոդեռն պարի գործող ներկայացուցիչները»։ Տեսել և շատ էր հավանել իմ գործերը, մանավանդ, որ պարային ֆիլմ նկարելու ու նկարվելու փորձ արդեն ունեի։

Ի դեպ, իմ «ԵԼ» կարճամետրաժ ֆիլմը, որը նկարվել էր 2020 թվականին՝ TMU միջազգային կազմակերպության և Գյոթեի ինստիտուտի հովանավարությամբ, ստանալով 40-ից ավելի մրցանակներ, այսօր արդեն ամբողջությամբ հասանելի է համացանցում։

Ինչևէ, Վինկլերը նկարագրեց նախագիծը, որը պետք է ընդհանուր առմամբ բաղկացած լիներ 3 թեմատիկ կարճ ֆիլմերից՝ գեղարվեստական պար, հարցազրույց և ազգային պար։ Դրանք պետք է միավորեր մեկ գաղափար՝ մարդ + բնություն, բնապահպանություն։ Գաղափարն ինձ շատ դուր եկավ և մենք առցանց զանգ ունեցանք՝ ավելի մանրամասն քննարկելու նախագիծը։ Տնօրենն ինձ բացարձակ ազատություն տվեց թե՛ թեմայի ընտրության, թե՛ ժամկետի առումով՝ ամբողջովին վստահելով նախաձեռնությունը։

Ես միանգամից դիմեցի իմ լավ ընկեր և տաղանդավոր օպերատոր Արթուր Ղարայանին, ում նույնպես շատ հետաքրքրեց գաղափարը և սկսեցինք միասին աշխատել՝ մտքեր փոխանակել։ Արդյունքում ունեցանք 3 տարբեր ֆիլմերի տեսլական։

– Իսկ ո՞ր ֆիլմերի մասին է խոսքը։

– Առաջին ֆիլմը կոչվում է «Ծխալ»։ Այն պարային կարճամետրաժ ֆիլմ է, որտեղ գլխավոր հերոսուհին ես եմ։ Ֆիլմն ամբողջովին լուծված է շարժման միջոցով։

Երկրորդը՝ «Հայաստանի միակ էնդեմիկ ձկնատեսակի պահպանության հետքերով» կարճամետրաժ վավերագրական-հարցազրույցն է, որտեղ գլխավոր հերոսը հայրս է՝ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։ Նա ֆիլմում խոսում է Սևանա լճի և Սևանի իշխանի պահպանության հիմնախնդիրների մասին:

Իսկ արդեն երրորդ ֆիլմը «Թամզարա»-ն է, որը բաղկացած է երկու մասից՝  ազգագրական պար և հացրազրույց ազգային պարերի, արդի խնդիրների և ապագայի մասին։ Ֆիլմի մոնտաժը կատարել է Էմիլ Խաչատրյանը, ում հետ ևս մինչ այդ աշխատել եմ «ԵԼ» ֆիլմի վրա։ Տեղեկացնեմ նաև, որ բոլոր ֆիլմերն արդեն հասանելի են https://environmental-dance.com/ կայքում։

-Հետաքրքիր է, նախագծի գործադիր տնօրեն, խորեոգրաֆ Քրիստով Վինկլերը ինչպե՞ս արձագանքեց ֆիլմերը դիտելուց հետո։

– Նախագծի տնօերնն անչափ ոգեշնչված էր և ստեղծագործելու բազմաթիվ նոր գաղափարներ տվեց ինձ՝ նոր նախագծերի ու ֆիլմերի համար։

– Ռիմա, իսկ դժվար չէ՞ պարի միջոցով արտահայտել այն աղետը՝ բնապահպանական այն մեծ խնդիրը, որն այսօր սպառնում է ամբողջ աշխարհին։

– Իհարկե, չեմ ժխտի, որ պարի լեզվով բարդ է արտահայտել հստակ գաղափարներ՝ մանավանդ, եթե դրանք մարդկային զգացմունքների հետ այդքան էլ կապ չունեն։ Ամեն ինչ տանում է ավելի զգացական դաշտ, միջավայր՝ որտեղ մարմինը սկսում է ապրումակցել բնությանը՝ այդպիսով հասկանալի դարձնելով մարդ-բնություն կապը։

Eco.am

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պայքար, հուզմունք և պար․ «Ել» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնում

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով