ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում օրերս տեղի ունեցավ աշխարհահռչակ բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հիմնադիր Արմեն Թախտաջյանի կիսանդրու բացումը: Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Արթուր Ավետիսյանը։
«Այս վայրը գիտության հանրայնացման, Բուսաբանական այգու գիտականությունը ներկայացնելու վայր է դառնալու», կիսանդրու բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը և վստահեցրեց, որ Արմեն Թախտաջյանի կիսանդրու շուրջ ստեղծված պուրակում աճեցվելու են գիտնականի անունը կրող բույսեր։
Կիսանդրու բացմանը հաջորդեց Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի և Բուսաբանական թանգարանի բացման արարողությունը։ Բուսաբանական թանգարանում ներկայացված են Հայաստանի ժամանակակից բուսատեսակներն ու բրածո բույսերի նմուշները․ «Բուսաբանական թանգարանը ներառված է հնէաբուսաբանության բաժնում, որն Արմեն Թախտաջյանի հիմնած դպրոցի մասնիկն է: Թախտաջյանի ստեղծած դպրոցը պետք է զարգանա, և իր աշակերտները պետք է իրենց փորձը փոխանցեն երիտասարդներին»,- ասաց Բուսաբանության ինստիտուտի տնօրենն ու հավելեց, որ Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում, որը ստեղծվել է Գիտության կոմիտեի դրամաշնորհով, անցկացվելու են կարգաբանական հետազոտություններ։
ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի բացումը բուսաբանության ինստիտուտում խորհրդանշական է համարում․ «Առանց մոլեկուլային մոտեցման այժմ որևէ կենդանի օրգանիզմների կարգաբանություն անհնար է պատկերացնել: Արմեն Թախտաջյանն իր կյանքի ավարտից առաջ կարողացավ իր վերջին մենագրությունում բույսերի կարգաբանության մեջ ներդնել մոլեկուլային մեթոդների կիրառման արդյունքները», – մտաբերեց ակադեմիկոսը։
Ըստ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, Արմեն Թախտաջյանի աշակերտ Ալլա Հայրապետյանի Արմեն Թախտաջյանի կենսագրությունը կարող է հանդիսանալ ձեռնարկ բոլոր այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են զբաղվել գիտությամբ․ «Թախտաջյանը փայլուն ուսուցիչ էր: Իր աշակերտները եղել են առնվազն երեք սերնդի բուսաբաններ՝ սկսած նախորդ դարի 1940-ական թվականներից մինչև 2000-ականների սկիզբ»,- փաստեց Ա․ Հայրապետյանը։
«Արմեն Թախտաջյանի մասին ամերիկյան մամուլում գրել են՝ «King of Botany»: Հույս ունեմ՝ կիսանդրու բացումը կնպաստի, որ ոչ միայն մասնագիտական շրջանակներում, այլև մեր հասարակության լայն շերտերը ևս ճանաչեն նրա անունը և գործը», – միջոցառմանը հույս հայտնեց Արմեն Թախտաջյանի թոռ Հայկ Թախտաջյանը։
Թողնել մեկնաբանություն