Աֆրոդիտեի մասին լեգենդից սրբացված քարերը նկարիչը բնության շոշափելի մասունքներից վերածել է կտավի

https://eco.am/%d5%a1%d6%86%d6%80%d5%b8%d5%a4%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%ac%d5%a5%d5%a3%d5%a5%d5%b6%d5%a4%d5%ab%d6%81-%d5%bd%d6%80%d5%a2%d5%a1%d6%81%d5%be%d5%a1%d5%ae-%d6%84%d5%a1/

2024 թվականի հունվարի 25-ից մարտի 3-ը, Ժամանակակից արվեստի թանգարանի նոր վերանորոգված եւ լուսատեխնիկայով վերազինված ժամանակավոր ցուցադրությունների սրահում (Երեւան, Մաշտոց 7) ժամանակակից նկարչուհի Նարինե Առաքելյանը կներկայացնի իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը /համադրող՝  Անտոն Լեւախին/:

«Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» Նարինե Առաքելյանի ճանապարհորդությունն է դիցաբանությունից դեպի Մետավերս: Նկարչուհին արվեստասերներին հրավիրում է արտասովոր ճամփորդության՝ իր «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» անհատական ցուցահանդեսով։ Այս պատմությունը միախառնում է բնությունը, առասպելաբանությունը եւ թվային նորարարությունը՝ ստեղծելով արվեստի հետաքրքիր նախագիծ, որն առնչվում է նաեւ ավանդականության հետ: Ցուցահանդեսի հիմքում խորը այլաբանություն կա, որը կապում է պատմությունն ու ժամանակակից իրականությունը:

Նարինե Առաքելյանը ստեղծագործությունների այս շարքի համար ոգեշնչվել է «Աֆրոդիտեի քարը» լեգենդից, որն ամուր արմատավորված է հունական դիցաբանության մեջ: Արդյոք այստեղ էր Աֆրոդիտեն լողանում Հեփեստոսի հետ ժամադրություններից հետո, թե՞ այստեղ է նա հանդիպել իր սիրելի Ադոնիսին:

Ցուցահանդեսի կենտրոնական գործողությունը «Aphrodite’s Stone»-ում նկարահանված հմայիչ պերֆորմանսն է, որտեղ Նարինեն ինքը մտնում է ծովի անդունդը եւ վերածնված դուրս գալիս։ Այս գեղարվեստական ակտը գերազանցում է ժամանակը, կապում անցյալն ու ներկան, եւ ծառայում է որպես կերպարանափոխության խորհրդանիշ՝ ինչպես նկարչի, այնպես էլ առհասարակ կյանքի:

Աֆրոդիտեի մասին լեգենդի կողմից սրբացված քարերը դառնում են բնության շոշափելի մասունքներ: Նկարչի համար դրանք ծառայում են որպես վերականգնվող ռեսուրս, կտավ՝ արվեստի եւ տեխնոլոգիայի խաչմերուկը հետազոտելու համար: Այս քարերը նրա մտահղացման մարմնավորումն են՝ բնական աշխարհի եւ թվային ոլորտի միաձուլում, առասպելի եւ արդիականության ներդաշնակության ձոն:

Նարինե Առաքելյանը պերֆորմանսի, ինստալացիայի, գեղանկարչության, քանդակի, վիդեո արվեստի եւ բնապահպանական արվեստի միջոցով իր ձայնն է բարձրացնում՝ հանուն սոցիալական արդարության: «Աֆրոդիտեի քարերի կերպարանափոխությունը» ցուցահանդեսը մարտահրավեր է նետում մեր պատկերացումներին՝ հրավիրելով մեզ խորհելու առասպելի մնայուն ուժի, տեխնոլոգիայի անսահման ներուժի եւ արվեստի փոխակերպիչ բնույթի մասին:

Նարինե Առաքելյանը ծնվել է 1979 թվականին Սիբիրում /ՌԴ/: 2015 թվականին ավարտել է Մոսկվայի Սուրիկովի անվան ինստիտուտը: Այնուհետեւ մեկ տարվա ընթացքում կատարելագործվել է Լոս-Անջելեսի Գեղարվեստի ակադեմիայի Թվային արվեստի դեպարտամենտում: ՌԴ-ի նկարիչների  միության անդամ է: Բազմաթիվ միջազգային  ցուցահանդեսների եւ զանազան նախագծերի մասնակից եւհեղինակ: Բազմիցս Վենետիկի միջազգային բիենալեներում  ներկայացրել է Հայաստանը:

Նարինե Առաքելյանի աշխատանքները կարելի է բնութագրել որպես կերպարվեստի, ժամանակակից արվեստի եւ փերֆորմանսի սինթեզ, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա օգտագործում է քանդակ, գեղանկարչություն, մուլտիմեդիա եւ փերֆորմանսի արվեստը ժամանակակից հոսանքները ավելի ամփոփ ներկայացնելու համար: Ըստ Նարինեի մարդը՝ էներգիայի ալիք է, որը ձեւափոխում է իրականությունը:

Ի դեպ, ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա ս. թ. հունվարի 25-ին, ժամը՝ 16.00-ին: Այցելուների համար բաց կլինի ամեն օր՝ 11:00-18:00-ին, բացի  երկուշաբթի օրերից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Խոսող կտավներ». տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան «տեսնել» Սարյանի 6 կտավները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով